Քաղաքաշինության նախարարն ամփոփեց պաշտոնավարման 100 օրը

ՀՀ քաղաքաշինության նախարարության «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ի սրահում քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ներկայացրեց նախորդ երեք ամսվա ընթացքում կատարված ու կատարվելիք ծրագրերն ու աշխատանքները:

Նախարարը նշեց, որ նախարարության գործունեությունը նախորդ 3 ամիսների ընթացքում ուղղված է եղել ոլորտում անհրաժեշտ կառուցվածքային փոփոխությունների իրականացմանը, օրենսդրական նոր և ընթացքի մեջ գտնվող փաթեթների մշակմանը, քաղաքաշինական-ներդրումային նոր ծրագրերի իրականացմանն ուղղված քայլերին և նախարարության շարունակական ծրագրերի ընթացքի ապահովմանը, միջազգային համագործակցության ծրագրերին մասնակցության ընդլայնմանը, ինչպես նաև` պետություն-մասնագիտական ՀԿ-ներ նոր որակի հարաբերությունների ձևավորմանը:

Դիտարկվեցին հետևյալ օրենսդրական նախաձեռնությունները.

1.«Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը` ՀՀ ճարտարապետների միության հետ համատեղ:

2. Մշակվել և ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացվել «ՀՀ-ում կառուցապատման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի փաթեթը: Նախագծի մշակման նպատակն է` կառուցապատման ընթացակարգերի պարզեցման հնարավոր ռեզերվների բացահայտումը և դրանց իրավական ամրագրումը: Ավարտական փուլում է գտնվում «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը:

 3. Մշակվել շահագրգիռ մարմիններին է ներկայացվել «ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծի մշակման հիմնական նպատակն է՝ շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ընդհանուր օգտագործման տարածքների զբաղեցման և փաստացի օգտագործման խնդրի կարգավորումը:

4. Մինչև 2014 թվականի վերջը նախատեսվում է մշակել և ՀՀ կառավարություն ներկայացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N814-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի մշակման հիմնական նպատակն է՝ հանրապետությունում ազատ շուկայական հարաբերությունների և գործարար միջավայրի բարելավման նպատակով ընդլայնել գործող որոշմամբ սահմանված բազմակի օգտագործման կատալոգների օբյեկտների ցանկը, դրանցում ներառելով ոչ միայն բնակելի, այլև` հասարակական և արտադրական նշանակության (սննդի, առևտրի, սպասարկման և այլն) մի շարք օբյեկտներ:

5. Մշակվել են բնակապահովման բնագավառի խնդիրների կարգավորմանն ուղղված մի շարք իրավական ակտերի նախագծեր` «ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում պետական միջոցներով վերակառուցված N 5 բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման և հատկացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը ներկայացվել է ՀՀ կառավարության հաստատմանը: Այս համատեքստում ՝ «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ է մշակվել:

6. Մշակվել է «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևանի Ադոնց փողոցի թիվ 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը:

7. Շինարարական գնագոյացման բնագծում առաջիկայում նախատեսվում է գործող գներով շինարարական աշխատանքների հաշվարկման կարգում վերանայել տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների տոկոսաչափերը, ինչի արդյունքում ակնկալվում է բարձրացնել ոլորտում տեխնիկական և հեղինակային հսկողության աշխատանքներ իրականացնող սուբյեկտերի ծառայությունների մատուցման արդյունավետությունը, պատասխանատվությունը, որն իր հերթին կհանգեցնի ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող շինարարական աշխատանքների որակի բարելավմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել