Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների՝ դատավորի և դատախազի թեկնածուների համար «Մարդու իրավունքները. հարկադիր աշխատանքը և ստրկությունը» թեմայով դասախոսությամբ է հանդես եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի ժամանակակից ստրկության գծով հատուկ զեկուցող, Եվրոպական կոնվենցիայի թրաֆիքինգի գծով մոնիթորինգային հանձնաժողովի փորձագետ Գյուլնարա Շահինյանը:
«Երկիր չկա, որտեղ չլինի հարկադիր աշխատանք»,-նշել է Գ. Շահինյանը՝ վկայակոչելով ԱՄԿ-ի թիվ 29 կոնվենցիայում հարկադիր աշխատանքի սահմանումը, ըստ որի այն «որևէ պատժի սպառնալիքի տակ որևէ անձից պահանջվող ցանկացած աշխատանք կամ ծառայություն է, որի համար այդ անձը կամավոր չի հայտնել իր համաձայնությունը»:
Արդարադատության ակադեմիայի լրատվության բաժնի փոխանցմամբ` խոսելով հարկադիր աշխատանքի դեմ կիրառվող պայքարի ստանդարտների, հարկադիր աշխատանքի նպատակով թրաֆիքինգի ենթարկված զոհերի իրավունքների մասին՝ Գ. Շահինյանն իր դասախոսության ընթացքում մի քանի անգամ կանգ առավ այն հանգամանքի վրա, որ թրաֆիքինգը մարդու իրավունքների խախտում է, հետևաբար շահագործումից տուժած մարդկանց կարիքներին արձագանքելու անհրաժեշտության կա: Այդ առումով ունկնդիրներին հետաքրքրեց զոհերի, վկաների և դատական մարմինների հետ համագործակցող անձանց պաշտպանությունն ու դատական քննությունն առհասարակ, մասնավորապես դատավարության ժամանակ զոհերի անձնական կյանքի, ինչպես նաև զոհերի անվտանգության ու ահաբեկումից նրանց պաշտպանության ապահովման հարցերը:
Ունկդիրները հնարավորություն ունեցան նաև թեմայի շրջանակում իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցեր ուղղել մասնագետին: