Դատարանը որպես ապացույց հետազոտեց պատասխանող կողմի ներկայացրած տեսաձայնագրումը

Այսօր ՀՀ վարչական դատարանում Արծրուն Միրզոյանի նախագահությամբ շարունակվեց քաղաքացիական ակտիվիստ Սուրեն Սահակյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի քննությունը:

Դատարանը հետազոտեց գործում առկա ապացույցները: Նախ հայցվոր կողմը՝ ի դեմս ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանի, ներկայացրեց զեկուցագիր այն մասին որ գործով պատասխանող Սուրեն Սահակյանը 2013 թվականի օգոստոսի 3-ին քաղաքապետարանի դիմաց անցկացվող նստացույցի ժամանակ չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին:

Ըստ նրա՝ ոստիկանները մի քանի անգամ նախազգուշացրել են, որ բարձրախոսով կոչեր հնչեցնելով խախտում են քաղաքապետարանի բնականոն աշխատանքը. «Կոչ են արել դադարեցնել, բայց քանի որ Սուրեն Սահակյանը չի ենթարկվել նրանց օրինական պահանջին, կատարել են վարչական բերում»:
Պատասխանող կողմը պնդեց, որ այս պահանջը ներկայացնելիս որևէ իրավական հիմք ոստիկանությունը չի ներկայացրել:

Պատասխանող կողմի ներկայացուցիչ Տիգրան Սաֆարյանը դատարանին որպես ապացույց էր ներկայացրել այդ օրը կատարված տեսաձայնագրում, որտեղ երևում է՝ ինչպես են բերման ենթարկում Սուրեն Սահակյանին:

«Տեսանյութում երևոմ է, որ ոստիկանները որևէ իրավական հիմք իրենց պահանջի համար չեն ներկայացնում: Որևէ իրավական ակտի վկայակոչում չկա, ուղղակի պահանջն է ներկայացվում: Երկրորդը՝ ոստիկանները որևէ մեկ անգամ չեն փորձել պարզել տեղում, եթե կարծում էին, որ վարչական իրավախախտում է առկա, վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ իրականացնելու հնարավորությունը: Ավելին, ոստիկանները իմ վստահորդին անձամբ են դիմել անվամբ, ինչը նշանակում է, որ նրանց իմ վստահորդի անձը հայտնի է: Բացակայում է այն հիմնավորումը, որ տարվել է ոստիկանություն անձը ճշտելու նպատակով»,- ասաց Տիգրան Սաֆարյանը:

Վերջինս ավելացրեց նաև, որ ոստիկանները Սուրեն Սահակյանին բերման են ենթարկել իր կամքին հակառակ, բռնի ուժի գործադրմամբ:
Հայցվոր կողմը առարկեց ներկայացված նկատառումներին: Ըստ Սոնա Մելիքյանի՝ բռնի ուժի գործադրում չի եղել ոստիկանների կողմից. «Ոստիկանները մի քանի անգամ նշել են, որ այս քայլով խանգարում են քաղաքապետարանի բնականոն աշխատանքը: Բայց բարձրախոսը չի անջատվել Սուրեն Սահակյանի կողմից: Այն անջատվել է ոստիկանի կողմից միայն այն ժամանակ, երբ Սուրեն Սահակյանին բերման են ենթարկել ոստիկանություն»:

Նա նաև նշեց, որ անկախ այն հանգամանքից, թե ոստիկանները ճանաչել են Սուրենին, թե ոչ՝ նրանք պարտավոր էին ինքնությունը ճշտել համապատասխան փաստաթղթի առկայությամբ:

Պատասխանող կողմը դատարանի ուշադրությունը հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ ըստ ոստիկանության՝ Սուրեն Սահակյանին օրինական պահանջ է ներկայացրել ոստիկանության լեյտենանտ Գոռ Սահակյանը: Հենց վերջինս էլ կազմել է զեկուցագիրը. «Այդ բոլոր կոչերը հնչեցվել են կապիտի ուսադիրներով ոստիկանի կողմից: Հենց նա էլ անջատել է միկրոֆոնը»:

Այս հանգամանքը հաստատեց նաև Սուրեն Սահակյանը.

«Ես Գոռ Սահակյանի հետ շփումը կոնկրետ մանրամասներով չեմ հիշում, բայց այդ փուլում, երբ մեզ պահանջ են ներկայացրել և բերման ենթարկել, արել է կապիտանը, ոչ թե Գոռ Սահակյանը»:

Թեև ըստ ներկայացված տեսանյութի՝ քաղաքապետարանի դիմաց նկարահանում էին իրականացնում ոչ միայն քաղաքացիական ակտիվիստները, այլ նաև ոստիկանները, բայց որևէ տեսանյութ ոստիկանությունում չի պահպանվել. «Ես ինքս հետամուտ եմ եղել, որ այդ տեսաձայնագրումը ներկայացնեմ դատարանին, սակայն այն չի պահպանվել»,- ասաց ոստիկանության ներկայացուցիչը:

Ըստ պատասխանող կողմի ներկայացուցչի՝ իր վստահորդը իրականացրել է այնպիսի գործողություններ, որոնք իրեն օրենքով արգելված չեն եղել: Այնուհետև վերջինս հանդես եկավ դատական նիստը մեկ օր հետաձգելու միջնորդությամբ.

«Դատական ծախսերի հարցը լուծելու համար ցանկանում եմ ներկայացնել իմ, գործընկերոջս՝ Արտակ Զեյնալյանի և Սուրեն Սահակյանի միջև կնքված պայմանագիրը, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով չեմ կարող հիմա ներկայացնել»:

Դատավոր Արծրուն Միրզոյանը դատական նիստը հետաձգեց՝ մեկ օր ժամանակ տրամադրելով պատասխանող կողմին:

Արև Ավագյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել