Ե՞րբ կարող է ճանապարհային ոստիկանը հանել մեքենայի պետհամարանիշները

Ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող ոստիկանության ծառայողը պարտավոր է արձանագրել խախտումը և օրենքով սահմանված կարգով հանել տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշները հետևյալ դեպքերում՝

1. տրանսպորտային միջոցն օրենքով սահմանված ժամկետում չի անցել տեխնիկական զննություն, կամ սահմանված կարգով փակցված չէ տվյալ տարվա տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնը

2. տրանսպորտային միջոցն անօրինական վերասարքավորված էշ

3. տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակը և կահավորվածությունը չեն համապատասխանում ՀՀ կառավարության սահմանած՝ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկին:

Վերջին դեպքից բացառություն է կազմում այն դեպքը, երբ տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնը գտնվում է վարորդի մոտ: Այդ դեպքում կտրոնը փակցվում է սահմանված տեղում, և թույլատրվում է տրանսպորտային միջոցի հետագա շահագործումը:

Առաջին երկու դեպքերում տրանսպորտային միջոցների համարանիշները հանելու դեպքում վարորդին տրվում է 10-օրյա ժամկետով ժամանակավոր համարանիշ` տրանսպորտային միջոցը տեխնիկական զննություն անցկացնելու կամ գործարանային տեսքի բերելու կամ վերասարքավորումն օրինականացնելու համար, իսկ երրորդ դեպքում անսարքությունները վերացվում են տեղում, կամ տրանսպորտային միջոցը վարորդը տեղափոխում է տեխնիկական սպասարկման կամ նորոգման վայր:

Տրանսպորտային միջոցների շահագործումը` հաշվառման համարանիշները հանելով արգելելու և ժամանակավոր համարանիշ տալու դեպքում, իրավասու պաշտոնատար անձը կազմում է արձանագրություն:

Ժամանակավոր համարանիշի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ արձանագրության ձևը` ոստիկանության պետը:
Տրանսպորտային միջոցի շահագործումը` հաշվառման համարանիշները հանելով արգելելու պատճառները վերացնելուց հետո, հաշվառման համարանիշները անմիջապես վերադարձվում են տրանսպորտային միջոցի վարորդին (սեփականատիրոջը, սեփականատիրոջ ներկայացուցչին):

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել