Ինչպե՞ս է ճանապարհային ոստիկանը կազմում կանխիկ վճարված տուգանքի անդորրագիրը

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տեղում կանխիկ տուգանք գանձելու համար տրվող վճարման անդորրագիրը խիստ հաշվառման փաստաթուղթ է, որը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը տրամադրում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` յուրաքանչյուր եռամսյակից մեկ ամիս առաջ ճանապարհային ոստիկանության կողմից ներկայացված նախնական պատվերի հիման վրա:

Ճանապարհային ոստիկանությունում անդորրագրերը հաշվառում են վարչական իրավախախտումները հաշվառող և գանձապահի պարտականությունները կատարող համապատասխան պաշտոնատար անձինք (այսուհետ` գանձապահ):

Ճանապարհային ոստիկանության ծառայողները հերթափոխի անցնելուց առաջ գանձապահից ստանում են անդորրագրերը, ինչի մասին կատարվում է նշում համապատասխան մատյանում` նշելով անդորրագրերն ստացող ծառայողի և ստացված անդորրագրերի փաթեթի առաջին ու վերջին համարները: Ճանապարհայինոստիկանության ծառայողը հերթափոխի անցնելուց առաջ կարող է գանձապահից չստանալ անդորրագրեր, եթե չի օգտագործել նախորդ հերթափոխի համար ստացած անդորրագրերի փաթեթը:

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հայտնաբերումից և արձանագրումից հետո ճանապարհային ոստիկանության ծառայողը պարտավոր է, իրավախախտում կատարողի համաձայնությամբ, տեղում կանխիկ տուգանք գանձելու համար լրացնել և նրան տալ վճարման անդորրագիր: Անդորրագիրը լրացվում է երկու` նույնաբովանդակ օրինակից, որոնցից մեկը տրվում է տուգանքը վճարողին (երթևեկության մասնակցին), իսկ մյուսը մնում է ճանապարհային ոստիկանության ծառայողի մոտ և կցվում վարչական իրավախախտման մասին արձանագրությանը:

Հերթափոխի ավարտին ճանապարհային ոստիկանության ծառայողը տեղում կանխիկ ձևով գանձված տուգանքների գումարը` լրացված, ինչպես նաև օգտագործման համար ոչ պիտանի անդորրագրերի, վարչական իրավախախտման մասին արձանագրությունների հետ միասին, հանձնում է գանձապահին: Անդորրագիրը համարվում է օգտագործման համար ոչ պիտանի, եթե վնասված է դրա ամբողջականությունը, կամ դրանում առկա են տպագրական կամ բովանդակային թերություններ:

Եթե ճանապարհային ոստիկանության ծառայողի հերթափոխի ավարտը չի համընկնում գանձապահի աշխատանքային ժամերի հետ, ապա ծառայողը գանձված տուգանքների գումարը` լրացված, ինչպես նաև օգտագործման համար ոչ պիտանի անդորրագրերի ու արձանագրությունների հետ միասին, գանձապահին է հանձնում ոչ ուշ, քան մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտը:

Գանձապահը ճանապարհային ոստիկանության ծառայողներից կանխիկ գումարն ստանալուց հետո` ոչ ուշ, քան մինչև հաջորդ բանկային օրվա ավարտը, հավաքված կանխիկ դրամը փոխանցում է ճանապարհային ոստիկանության համապատասխան արտաբյուջետային հաշվին: Փոխանցումը հավաստող փաստաթղթի պատճենը կցվում է տվյալ օրը կազմված վարչական իրավախախտումների մասին այն արձանագրությունների փաթեթին, որոնցով նշանակված տուգանքը գանձվել է տեղում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել