Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին կկալանավորվի. հայտարարվել է հետախուզում

Մոտ 1 ժամ առաջ Երևանի քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու` 22-ամյա Սեդրակ Օսիպյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու միջնորդությունը: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց ՀՀ Դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հանրային կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:

Ոստիկանության լրատվության բաժնից Իրավաբան.net-ին հայտնեցին, որ կալանավորման մասին որոշումից ժամեր առաջ ոստիկանության Երևան քաղաքի Նուբարաշեն համայնքի քննչական բաժանմունքը Վալերի Օսիպյանի եղբոր որդու նկատմամբ հայտարարել է հետախուզում:

Արսեն Բաբայանն էլ նշեց, որ նախնական կալանքը կիրառվել է մեղադրյալի բացակայությամբ: Այսինքն` երբ նախաքննության մարմինը հայտնաբերի մեղադրյալին, պարտավոր է կալանավորման որոշումը բերել դատարան վերահաստատման:

Հիշեցնենք, որ Սեդրակ Օսիպյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ըստ ոստիկանության հաղորդագրության, հունիսի 1-ին, ժամը 22:45-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն համայնքում երիտասարդ են դանակահարել: Դանահակարության մասին ահազանգ ստացվել է նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնից։ Ըստ ահազանգի, Նուբարաշենի բնակիչ 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը դանակից ստացած հարվածից վիրավոր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության հաղորդմամբ, երիտասարդին դանակահարելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել