Համագործակցություն մարմնավաճառների հետ. երիտասարդը հայտնվել է ամբաստանյալի աթոռին

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Նելի Բաղդասարյանի նախագահությամբ այսօր սկսվեց նախկինում չդատված 37-ամյա Վարդան Հարությունյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ ամբաստանյալի աթոռին հայտնված երիտասարդը 2013թ. հուլիս ամսից մինչև 2013թ. սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում գույքային օգուտ ստանալով այն է` մարմնավաճառներ Անահիտ Հակոբյանից և Լուսինե Կիրակոսյանից օրեկան յուրաքանյուրից 5000 ՀՀ դրամ վարձատրության դիմաց հաճախորդներին սպասելու և պարբերաբար մարմնավաճառությամբ զբաղվելու համար թույլատրել է նստել իրեն պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան ու շրջել Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում գտնվող Երևանյան լճի տարածքում:
Այդ ընթացքում նրանք պարբերաբար զբաղվել են մարմնավաճառությամբ ` այդպիսով, տաքսու վարորդը, հարմարավետ պայմաններ ստեղծելով, նպաստել է վերջիներիս կողմից պոռնկությամբ զբաղվելուն:

Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգքրի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն:

Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց օգտագործելով՝ պատժվում է ազատազրկմամբ երեքից վեց տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

Դատական տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Մարմնավաճառների անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել