Կալանավորը հաղորդում է ներկայացրել. հարուցվել է քրեական գործ

ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Լյովա Ս.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ըստ կալանավորի հաղորդման` 2013թ. սեպտեմբերի սկզբին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժնի աշխատակիցները օգտագործելով պաշտոնեական դիրքը` սկզբում նյութապես շահագրգռելու, ապա` իր կողմից չկատարած հանցագործության համար հետապնդում սկսելու սպառնալիքով, առաջարկել են իրեն խոստովանել չբացահայտված ծանր հանցագործության կատարումը և դատապարտվել դրա համար:

Ոստիկանության աշխատակիցները, ստանալով Լյովա Ս.-ի համաձայնությունը, վերջինիս ցույց են տվել չբացահայտված գողության դեպքի վայրը և հորդորել, որ քննչական գործողությունների ընթացքում մատնացույց անի այն` որպես իր կողմից կատարված գողության դեպքի վայր:

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է՝ դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել