Եթե Ընտանեկան օրենսգրքի նախկին խմբագրությամբ տեքստը սահմանում էր ամուսնական տարիք կանանց համար՝ տասնյոթ, իսկ տղամարդկանց համար տասնութ տարեկան տարիքի հասնելը, ապա նոր խմբագրությամբ օրենսգիրքը և կնոջ, և տղամարդու համար ամուսնական տարիք է սահմանում տասնութ տարեկան տարիքի հասնելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Օրենսգիրքը, տարբերակում չդնելով կնոջ և տղամարդու համար տարիք սահմանելու հարցում, միաժամանակ ամրագրում է, որ անձը կարող է ամուսնանալ նաև 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը:
Անձը կարող է ամուսնանալ նաև 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, և ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է: Նման կարգավորում օրենսգիրքով նախատեսվել է հավանաբար հույս ունենալով, որ որևէ 16 տարեկան տղայի ծնող, որդեգրող կամ հոգաբարձու չի տա նրան իր համաձայնությունը ամուսնանալ չափահաս կնոջ հետ: