Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել

Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել  ԶԼՄ-ներում շրջանառված «Սեյրան Օհանյանը, Հասմիկ Պողոսյանը և Նորայր Մուրադխանյանը հայտնվել են ԻԱԿ սև ցուցակում» հոդվածի վերաբերյալ:

 Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ քաղաքացի Նաիրա Կարապետյանի խնդրանքով 2014 թ. մարտի 27-ին գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն` քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ տեղեկություններ ստանալու ակնկալիքով: Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը ԻԱԿ-ի խնդրած տեղեկությունները տրամադրելու համար պահանջել է ներկայացնել փաստաբանական արտոնագիր: Հոդվածագրի մեկնաբանմամբ` տեղի ունեցածը անհիմն պահանջ է, քանի որ տեղեկություն ստանալու իրավունքը յուրաքանչյուրի իրավունքն է, այլ ոչ թե փաստաբանների մենաշնորհը, և պետք է իրացվի առանց խտրականության:

Հրապարակման առնչությամբ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը Նաիրա Կարապետյանի անունից դիմել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ Գրիգորի Գենադիի Վարտանովի քաղաքացի չհանդիսանալու, ինչպես նաև ՀՀ քաղաքացիությունից զրկվելու տարեթվի և հիմքերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումների, միջնորդությունների, դրանց քննարկման ընթացքի, անձի քաղաքացիության վերաբերյալ տվյալները ֆիզիկական անձանց, կազմակերպություններին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև օտարերկրյա պետություններին կարող են փոխանցվել կամ տրամադրվել միայն դիմումատուի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած անձի համաձայնությամբ, կամ օրենքով կամ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում:

Նշված հոդվածով նախատեսված համաձայնությունը ներկայացնելու պարտավորությունը կրում է տվյալներ ստանալու նպատակով հարցմամբ դիմողը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմումատու հասարակական կազմակերպության կողմից չի ներկայացվել Գրիգորի Գենադիի Վարտանովի գրավոր համաձայնությունը և այն, որ ըստ գրության` տեղեկատվությունը պահանջվել է անձի իրավունքների պաշտպանությունն իրականացնելու նպատակով, ուստի ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից անձի իրավունքների շահերի պաշտպանության հարցում ավելի արագ արձագանքելու նպատակով իրավաչափորեն պահանջվել է փաստաբանական արտոնագիր:

Փաստաբանական արտոնագիր պահանջելու իրավաչափությունը բխում է վերը նշված հոդվածի պահանջից, համաձայն որի` տեղեկատվությունը կարող է տրամադրվել նաև օրենքով նախատեսված դեպքերում («Փաստաբանության մասին» ՀՀ օրենք և ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներ):
Վերը նշվածը, իհարկե, չի բացառում անձի կողմից իր վերաբերյալ կամ իր գրավոր համաձայնությամբ այլ անձի դիմումի հիման վրա քաղաքացիության հարցերի մասին տեղեկատվություն ստանալը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել