Վաղը Կառավարության նիստի ժամանակ կքննարկվի «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Այն առաջարկում է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնները չփակցնել ավտոմեքենաների դիմապակու վրա, ինչպես նաև հետագա զննությունների համար սահմանված մեկ տարի ժամկետը փոխարինել երեք տարի ժամկետով:
Տրանսպորտային միջոցները՝ թողարկման տարվան հաջորդող չորրորդ տարին ներառյալ, տեխնիկական զննություն են անցնում ոչ թե յուրաքանչյուր 2 տարին, այլ 3 տարին մեկ անգամ, իսկ այլ տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ մեկ մարդատար տաքսի-ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ իրականացնող անհատ ձեռնարկատերերին պատկանող մարդատար-տաքսի ավտոմոբիլների (թողարկման տարվան հաջորդող հինգերորդ տարվանից սկսած), ինչպես նաև ինքնաշեն կամ թողարկման տարին չճշտված տրանսպորտային միջոցների համար առաջարկվում է սահմանել, որ տեխնիկական զննություն անցնեն ոչ թե յուրաքանչյուր տարի, այլ 3 տարին մեկ անգամ:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն, լիցենզառուներին տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության համապատասխան նմուշի փաստաթուղթ տրամադրելու համար, ինչպես նաև գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների տարեկան տեխնիկական զննությունն անցնելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ տալու համար նախատեսված է պետական տուրք՝ համապատասխանաբար բազային տուրքի 250 տոկոսի և 150 տոկոսի չափով:
Հետևաբար «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի նվազեցման: