Վեճ գիշերային ակումբի տարածքում. պոկել է ոստիկանի համազգեստի ուսադիրները

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Ժիրայր Պարոնյանիդեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Ժիրայր Պարոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. նոյեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը՝ ժամը 04:45-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչք օգտագործած վիճակում, Երևան քաղաքի Գ. Քոչար 4 հասցեում գործող «Սինդի» գիշերային ակումբ մտնելու շուրջ իր անձի առավելությունն ընդգծելու նպատակով վիճաբանել է անվտանգության աշխատակից Արթուր Կոստյանի հետ, որի ընթացքում ակնհայտորեն խախտել է վարքագծի համընդհանուր ճանաչում ստացած նորմերը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով շրջակայքի անձանց նկատմամբ տվել է սեռական բնույթի հայհոյանքներ ու քաշքշել ակումբի անվտանգության աշխատակցի հագուստից, խանգարել ակումբի նախասրահի բնականոն աշխատանքը, ապա շարունակելով հակահասարակական վարքագիծ դրսևորելը, լսելով ընկերոջ՝ Կարեն Բունիաթյանի հետ ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնի պահպանության բաժնի ոստիկան Գագիկ Ասատրյանի իրեն ակումբից դուրս տանելու վերաբերյալ զրույցը՝ մոտեցել ու բարոյական և իրավական նորմերով կաշկանդված չլինելու հանգամանքը ցուցադրելու նպատակով քաշել ու պոկել է ոստիկանության խորհրդանիշները պարունակող վերջինիս համազգեստի ուսադիրները։

Գործով մեղադրյալ նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Ժիրայր Պարոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշերով, ըստ որի`

Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով՝պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել