Կառավարությունը մերժեց. նրանք այդ ոլորտում այլ ծրագիր ունեն

Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ մերժեց «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում տուգանքների չափերը նվազեցնելուն ուղղված փոփոխության նախագիծը: Այն ներկայացրել էին ԲՀԿ խմբակցության մի քանի պատգամավորներ:

«Ըստ պատգամավորների կողմից ներկայացրած օրենսդրական նախաձեռնության հիմնավորումների` այս փոփոխությունների նպատակը որոշ չափով փոքր և միջին բիզնեսի անբարենպաստ վիճակը թեթևացնել է, որն ավելի շատ վերաբերելու է ապրանքների իրացման ցածր շրջանառության վայրերում` գյուղերում, փոքր և միջին բիզնեսով զբաղվողներին, սակայն այս նախագիծը քննարկել ենք նաև Պետական եկամուտների կոմիտեի հետ, քանի որ հիմնականում վարչարարությանը վերաբերող օրենսդրություն է: Այդ քննարկումների արդյունքում ակնհայտ է դարձել, որ պատգամավորների առաջարկած հարցերով չեն սահմանվում առանձնահատկություններ գյուղական համայնքում գտնվող փոքր և միջին բիզնեսի համար և այն հավասարապես վերաբերում է բոլոր ՓՄՁ-ներին` անկախ շրջանառության չափից և գտնվելու վայրից: Նույնիսկ առանձնահատկություն սահմանված լինելու դեպքում էլ անորոշ է ապրանքների իրացման ցածր շրջանառություն ունեցող վայրեր հասկացությունը և դա գործնական կիրառման հնարավորությունն ու արդյունավետությունը: Բացի դրանից ՓՄՁ ոլորտը գրեթե ամբողջությամբ դուրս է գործարքները համապատասխան փաստաթղթերով հիմնավորելու պահանջների ապահովվման դաշտից, իսկ հարկային մարմինն այդ ոլորտում բացի ՀԴՄ-ից չունի իրական շրջանառությունների բացահայտման այլ հսկողական արդյունավետ գործիք»,- ասաց Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը:

ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանը նախագծի վերաբեյալ հայտնեց, որ հարցերն այդ գործիքների միջոցով մեղմացնելով չի կարգավորվի: Նա նշեց, որ ՓՄՁ-ի հետ կապված նոր օրենսդրական փաթեթ ունեն:

«Մենք նախատեսում ենք այլ միջոցառումներ ՓՄՁ-ի վարչական գործիքները մեղմացնելու և փաստաթղթաշրջանառությունը բարելավելու ուղղությամբ: Մոտ օրերս քննարկումներ տեղի կունենան և հանգամանալից կզեկուցենք»,-հայտնեց Գագիկ Խաչատրյանը:
Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նշեց, որ իրենք սկսել են մի գործընթաց, որ ապագա կառավարության, երկրի նախագահի և բոլորի ցանությունն է, որպեսզի իրենք փոքր և միջին բիզնեսի համար ստեղծեն շատ բարենպաստ պայմաններ, բարենպաստ հարկային դաշտ:

«Առաջիկայում շատ լավ քայլեր ենք անելու ՓՄՁ-ին ուղղված և մենք հնարավորություն ենք ստեղծելու, որ փոքր և միջին բիզնեսը զարգանա մեր երկրում, և յուրաքանչյուր ներդրողի կողքին ենք լինելու: Կառավարության կազմը ձևավորելուց հետո կքննարկենք և, իրոք, շատ մեծ քայլեր ենք կատարելու բիզնես դաշտում, որպեսզի մենք ապահովվենք մեծ ներդրումների հնարավորություն յուրաքանչյուր գործարարի համար և պետությունն իր բոլոր լծակներով պետք է առաջակցի, որ այն գործարարը, որն օրենքի շրջանակներում է իրականցում իր բիզնեսը, որևէ կառույց նրա համար որևէ խոչընդոտ չստեղծի: Դա սկզբունքային որոշում է լինելու նաև իմ կողմից»,- թեման եզրափակեց Հովիկ Աբրահամյանը;

 

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել