Ուսումնասիրեցի Լոռու մարզի թվով 30 փաստաբանների ստորագրած հայտարարությունը, որում վերջիններն իրենց վրդովմունքն են հայտնում Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում 2014 թվականի ապրիլի 11-ին տեղի ունեցած աննախադեպ միջադեպի կապակցությամբ: Ուսումնասիրեցի նշված քրեական գործով փաստաբանների բողոքի առիթները ու տեսեք, թե ինչ է պարզվել:
Ափսոս, որ մինչ հայտարարություն տարածելը չեն ուսումնասիրել ստորև ներկայացվածը:
Գործի քննությունը սկսվել է 24.01.2012 թվականից: Առաջին դատական նիստը հետաձգվել է ամբաստանյալի էտապավորված չլինելու, ինչպես նաև մեղադրողի չներկայանալու պատճառով: Դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 09.02.2012 թվականին:
09.02.2012թ., 13.03.2012թ., 21.03.2012թ., 13.04.2014թ. 23.04.2012թ. պաշտպան Արտակ Ոսկանյանը չի ներկայացել նշանակված դատական նիստերին` պատճառաբանելով, որ ծանոթացման համար չի տրամադրվել քրեական գործից առանձին պահվող պաշտպանության միջոցներ կիրառված վկաների ցուցմունքները:
23.04.2012թ. Դատարանը օրենքով սահմանված կարգով դիմել է Հանրային պաշտպանի գրասենյակ` ամբաստանյալին հանրային պաշտպանով ապահովելու համար` դատական նիստը հետաձգելով 27.04.2012թ.:
27.04.2012 թվականին դատական նիստը հետաձգվել է 11.05.2012թ.` դեռևս հանրային պաշտպան նշանակված չլինելու պատճառով:
11.05.2012թ. ներկայացած հանրային պաշտպան Հովսեփ Հովսեփյանի միջնորդության համաձայն գործի նյութերին ծանոթանալու համար դատական նիստը հետաձգվել է մինչև 29.05.2012 թվականը:
29.05.2012 թվականին դատական նիստին չի ներկայացել հանրային պաշտպան Հ. Հովսեփյանը` դարձյալ գրավոր պատճառաբանելով, որ ծանոթացման համար չի տրամադրվել քրեական գործից առանձին պահվող պաշտպանության միջոցներ կիրառված վկաների ցուցմունքները:
Դատարանը դարձյալ դիմել է Հանրային պաշտպանի գրասենյակ` տեղյակ պահելով պաշտպանի չներկայանալու և պաշտպանի մասնակցություն ապահովելու անհրաժեշտության մասին:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է 19.06.2012 թվականին, որին դարձյալ հանրային պաշտպան Հ.Հովսեփյանը կամ այլ պաշտպան չի ներկայացել: Դատական նիստը վերանշանակվել է 09.07.2012 թվականին:
Հաջորդող 4 դատական նիստերը հետաձգվել են ամբաստանյալի վատառողջ լինելու և վիրահատական միջամտության անհրաժեշտության կապակցությամբ:
Այնուհետև պաշտպան Հ. Սահակյանը գրավոր դիմում է ներկայացրել` հայտնելով, որ գտնվում է հերթական արձակուրդում և խնդրում է հետաձգել դատական նիստը: Այդ, ինչպես նաև ամբաստանյալի էտապավորման պատճառով դատական նիստը հետաձգվել է մինչև 05.11.2012 թվականը:
Պաշտպան Ա. Ոսկանյանը գրություն է ուղարկել դատարան` հայտնելով, որ նորից ստանձնում է ամբաստանյալի շահերի պաշտպանությունը, պատրաստ է պատշաճ մասնակցություն ցուցաբերել: Դատարանը հաշվի առնելով նաև հանրային պաշտպանի արձակուրդում գտնվելու հանգամանքը, դարձյալ ներգրավել է փաստաբան Ա. Ոսկանյանին` որպես ամբաստանյալի շահերի պաշտպան:
Հաջորդող նիստերը բնականոն հունով ընթացել են` ընթացքում հետաձգումներ լինելով գործով դատապարտյալների էտապավորման, վկաներին բերման ենթարկելու պատճառներով:
17.07.2013 թվականի նշանակված դատական նիստին պաշտպան Ա. Ոսկանյանը չի ներկայացել` հայտնելով, որ այլ ծանրաբեռնվածություն ունի, դատական նիստը հետաձգվել և վերանշանակվել է 23.07.2013 թվականին:
23.07.2013 թվականին պաշտպան Ա. Ոսկանյանը դարձյալ չի ներկայացել, ամբաստանյաը հայտարարել է, որ հնարավոր է Արտակ Ոսկանյանի պաշտպանությունից հրաժարվի, հաջորդ դատական նիստին կներկայացնի մեկ այլ պաշտպան:
29.07.2013 թվականին դատական նիստը հետաձգվել է` դարձյալ պաշտպան չունենալու պատճառով:
31.07.2013 թվականին ամբաստանյալը հայտարարել է, որ իր ընտրած պաշտպանը չի ներկայացել, քանի որ զբաղված է եղել այլ գործով, հաջորդ դատական նիստին կներկայանա: Գործի քննությունը հետաձգվել և նշանակվել է 15.08.2013 թվականին:
15.08.2013 թվականին դարձյալ չի ներկայացել պաշտպան Ա. Ոսկանյանը` նախապես հասցեագրելով գրություն դատարանին առ այն, որ այլ դատական նիստով է ծանրաբեռնված:
Գործով ներգրավվել է փաստաբան Ռուբեն Հակոբյանը և խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար ժամանակ տրամադրել: Գործի քննությունը հետաձգվել և նշանակվել է 03.09.2013 թվականին:
03.09.2013 թվականին նշանակված դատական նիստին չի ներկայացել փաստաբան Ռուբեն Հակոբյանը, դարձյալ ներկայացել է փաստաբան Արտակ Ոսկանյանը և միջնորդել իրեն տրամադրել նախորդ տեղի ունեցած դատական նիստերի արձանագրությունների կրիչները և ժամանակ տրամադրել` դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար: Միջնրդությունը բավարարվել է և դատական նիստը հետաձգվել է:
12.09.2013 թվականին պաշտպան Ա. Ոսկանյանը գրություն է ուղարկել դատարան և հայտնել, որ գտնվում է արձակուրդում:
Երկու դատական նիստից հետո պաշտպանը չի ներկայացել նաև 05.11.2013 թվականին և 12.11.2013 թվականին նշանակված դատական նիստերին:
15.11.2013 թվականին նշանակված դատական նիստի ժամանակ մեղադրողը գրավոր միջնորդել է դատարան հրավիրել և հարցաքննել պաշտպանության միջոցներ կիրառված վկաներին` դահլիճից հեռացնելով ամբաստանյալին և պաշտպանին: Պաշտպան Ա. Ոսկանյանը միջնորդել է ժամանակ տրամադրել մեղադրողի գրավոր միջնորդությունը ուսումնասիրելու և առարկություն ներկայացնելու համար:
Գործի քննությունը հետաձգվել է 22.11.2013թ. այդ օրը դատական նիստում մեղադրողը միջնորդել է թույլատրել ծանոթանալու պաշտպանության միջոցներ կիրառված վկաների ցուցմունքներին, որի պատճառով նիստը հետաձգվել է:
29.11.2013 թվականին պաշտպանը միջնորդել է ժամանակ տրամադրել դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար: 04.12.2013 թվականին պաշտպանը գրություն է ուղարկել դատարան` պահանջելով դատական նիստերի ձայնագրություններ, գործի նյութերի պատճենահանումներ:
Նույնը պնդել է 05.12.2013 թվականին և միջնորդել դատական նիստը հետաձգել` պատրաստվելու համար:
Նիստը հետաձգվել և նշանակվել է 11.12.2013թ., որի ժամանակ պաշտպանի միջնորդությունների հիման վրա հետաձգվել և նշանակվել է 13.12.2013թ.:
13.12.2013 թվականին պաշտպան Ա. Ոսկանյանը չի ներկայացել դատական նիստին` գրավոր հայտնելով, որ միջնորդում է հետաձգել դատական նիստը, քանի որ ինքը մեղադրանքը հերքող ապացույցներ հավաքելու համար դիմել է համապատասխան մարմինների: Դատարանը գրավոր պարզաբանել է, որ միջնորդությունները քննարկվում և լուծվում են դատական նիստում, հետևաբար անհրաժեշտ է ներկայանալ դատական նիստին:
Դատական նիստը նշանակվել է 17.12.2013 թվականին, որին պաշտպանը չի ներկայացել` հայտնելով, որ ծանրաբեռնված է այլ դատական նիստով:
Դատական նիստը վերանշանակվել է 25.12.2013 թվականին և միևնույն ժամանակ, 20.12.2013 թվականի գրությամբ հերթական անգամ տեղյակ է պահվել ՀՀ փասատաբանների պալատին` փաստաբան Ա. Ոսկանյանի տարբեր պատճառներով պարբերաբար դատական նիստերին չներկայանալու մասին, որպեսզի նրա պատշաճ մասնակցությունը ապահովելու համար միջոցներ ձեռնարկվեն:
25.12.2013 թվականին նշանակված դատական նիստին դարձյալ չի ներկայացել փաստաբան Ա. Ոսկանյանը` հայտնելով, որ այլ դատական նիստ ունի:
Նիստը վերանշանակվել է 28.12.2013 թվականին, որին դարձյալ պաշտպանը չի ներկայացել:
Նիստը դարձյալ վերանշանակվել է 13.01.2014 թվականը, որին դարձյալ պաշտպանը չի ներկայացել:
Ապա 29.01.2014 թվականին նշանակված հերթական նիստի ժամանակ պաշտպանը, միջնորդությունը մերժելու համար ի նշան բողոքի, լքել է դատկաան իստերի դահլիճը:
03.02.2014 թվականին նշանակված դատական նիստի ժամանակ դարձյալ չի ներկայացել պաշտպանը:
Փաստաբանի նկատմամբ բազմաթիվ անգամներ կիրառվել են սանկցիաներ:
Դատարանը դարձյալ դիմել է Հանրային պաշտպանի գրասենյակ` ամբաստանյալին հանրային պաշտպանով ապահովելու համար:
13.02.2014 թվականին նշանակված դատական նիստին չի ներկայացել ոչ պաշտպան Ա. Ոսկանյանը և ոչ էլ հանրային պաշտպան:
19.02.2014 թվականին նշանակված դատական նիստին դարձյալ հանրային պաշտպան չի նշանակվել:
27.02.2014 թվականին նշանակված դատական նիստին դարձյալ պաշտպան Ա. Ոսկանյանը չի ներկայացել:
05.03.2014 թվականին նշանակված դատական նիստին ներկայացել է հանրային պաշտպան Մելս Ղարգյոզյանը և գործի ամբողջ նյութերին ծանոթանալու համար միջնորդել տրամադրել 3 ամիս ժամանակ: Դատարանը միջնորդությունը բավարարել է մասնակի, նրան տրվել է մեկ ամիս ժամանակ և դատական նիստը հետաձգել, վերանշանակվել է 09.04.2014 թվականին:
Հարց է առաջանում, արդյոք պաշտպանների կողմից նման գործելաոճով արհեստականորեն չի խոչընդոտվում արդարադատության իրականացմանը և արդյոք չի ոտնահարվում ամբաստանյալի` ողջամիտ ժամկետներում իր վերաբերյալ գործի քննությւան իրավունքը:
Գրառումը` ՀՀ դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից