Ինչպե՞ս կարող է գործատուն գնահատել փորձաշրջանի արդյունքները

Աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվելփորձաշրջան: Այն կարող է սահմանվել գործատուի ցանկությամբ` նախատեսված աշխատանքին (պաշտոնին) աշխատողի համապատասխանությունը ստուգելու նպատակով, կամ աշխատանքի ընդունվողի ցանկությամբ` առաջարկվող աշխատանքին (պաշտոնին) իր համապատասխանությունը որոշելու համար: Փորձաշրջանի մասին պայմանները պետք է սահմանվեն աշխատանքային պայմանագրով:

Եթե գործատուն գտնում է, որ նախատեսված աշխատանքում (պաշտոնում) աշխատողի համապատասխանության ստուգման նպատակով սահմանված փորձաշրջանի ընթացիկ արդյունքներով աշխատողը չի համապատասխանում առաջադրված պահանջներին, ապա կարող է մինչև փորձաշրջանի ժամկետը լրանալը աշխատողին ազատել աշխատանքից` այդ մասին երեք օր առաջ գրավոր ձևով ծանուցելով նրան:

Այստեղ առաջ է գալիս այն հարցը, թե գործատուն ինչպե՞ս պետք է գնահատի աշխատողի համապատասխանությունը աշխատանքին:

Աշխատողին առաջադրված պահանջներին համապատասխանության հարցը որոշվում է փորձաշրջամնի ընթացիկ արդյունքներով: Օրենքը չի սահմանում փորձաշրջանի ընթացիկ արդյունքների ամփոփման որևէ կարգ, պայման կամ չափանիշ:
Այսինքն՝ յուրաքանչյուր գործատու ազատ է սահմանելու այն անհրաժեշտ գիտելիքները, ունակությունները և վարքը, որն աշխատողը պարտավոր է ունենալ համապատասխան պաշտոնը զբաղեցնելու համար:

Գործատուն կարող է գնահատել աշխատողի համապատասխանությունը աշխատանքին՝ հաշվի առնելով նրա անմիջական ղեկավարի կամ գործընկերների կարծիքները:

Եթե փորձաշրջանը սահմանվել է աշխատանքի ընդունվողի ցանկությամբ` առաջարկվող աշխատանքին (պաշտոնին) իր համապատասխանությունը որոշելու համար, ապա փորձաշրջանի արդյունքները գնահատում է աշխատողը: Փորձաշրջանի ընթացքում աշխատողն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը` այդ մասին երեք օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին:

Եթե փորձաշրջանն անցնելուց հետո աշխատողը շարունակում է աշխատել, ապա նա համարվում էփորձաշրջան անցած, և նրա հետ աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել միայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածով սահմանված հիմքերից մեկով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել