Բանկերը հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրում են տվյալ հաճախորդի ժառանգներին (իրավահաջորդներին), եթե վերջիններիս կամ նրանց ներկայացուցիչները տվյալ անձանց ժառանգության (իրավահաջորդության) իրավունքները հիմնավորող բավարար փաստաթղթեր են ներկայացրել:
Իսկ ո՞ր փաստաթուղթն է համարվում իրավունքները հիմնավորող բավարար փաստաթուղթ: Այս հարցի պատասխանը պաշտոնապես պարզաբանել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը.
«Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի իմաստով ժառանգությունը հիմնավորող բավարար փաստաթուղթ է համարվում ժառանգության իրավունքի վկայագիրը, իսկ այն դեպքում, երբ ժառանգությունն ընդունվում է ժառանգված գույքը փաստացի տիրապետելու կամ կառավարելու միջոցով, ապա ժառանգությունը հիմնավորող բավարար փաստաթուղթ է համարվում ինչպես ժառանգության իրավունքի վկայագիրը, այնպես էլ դատարանի կողմից համապատասխան ժառանգի ժառանգման փաստի վերաբերյալ դատարանի վճիռը (որոշումը): Ընդ որում, ժառանգության իրավունքի վկայագիրը կամ դատարանի վճիռը (որոշումը) բանկի համար հիմք է ժառանգատուի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրման համար` անկախ այն հանգամանքից, թե տվյալ վկայագրում կամ վճռում (որոշման մեջ) նշված է ժառանգատուի ամբողջ կամ մի մասի գույքի կամ գույքային իրավունքների ժառանգման վերաբերյալ: Օրինակ` եթե անձը ժառանգել է ժառանգատուի միայն բնակարանը, որի վերաբերյալ անձը բանկին ներկայացնում է դրա վերաբերյալ ժառանգության իրավունքի վկայագիր կամ դատարանի վճիռ (որոշում), ապա դա հիմք է, որպեսզի բանկը տվյալ անձին տրամադրի ժառանգատուի բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները»: