ՍԴ որոշման վերաբերյալ կառավարությունը միասնական իրավական դիրքորոշում է ներկայացրել

ՍԴ-ն սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի 8 իրավադրույթներ, իսկ 7 դրույթներ ճանաչել է սահմանադրությանը համապատասխանող` որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշման սահմաններում: Միևնույն ժամանակ, համաձայն որոշման եզրափակիչ մասի 7-րդ կետի՝ իրավական անվտանգությունը չխաթարելու նկատառումով հակասահմանադրական ճանաչված բոլոր իրավադրույթները ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել սույն թվականի սեպտեմբերի 30-ը, ինչը նշանակում է, որ այդ դրույթները մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակավորապես պահպանում են իրավական ուժը, այսինքն` գործում են: Որոշմամբ սահմանված վերահաշվարկման պահանջը վերաբերում է մինչև սեպտեմբերի 30-ը կատարված և կատարվելիք կուտակային վճարներին: Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց Արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը` ներկայացնելով կառավարության միասնական իրավական դիրքորոշումն այս հարցի առնչությամբ:

«Համաձայն Սահմանադրական դատարանի օրենքի 68-րդ հոդվածի՝ հնարավոր է միայն երեք դեպք, երբ ՍԴ-ն կարող է իր որոշմանը տալ հետադարձ ուժ: Դա քրեական օրենսգրքի, վարչական պատասխանատվության վերաբերյալ օրենսգրքի դրույթների հակասահմանադրականության հարցի դեպքում, կամ երբ ՍԴ-ն իր որոշմանը տալիս է հետադարձ ուժ: Տվյալ պարագայում ՍԴ-ն ոչ միայն նման քայլի չի դիմել, այսինքն՝ հետադարձ ուժ չի հաղորդել այս որոշմանը, այլև անվավեր ճանաչված նորմատիվ ակտի համապատասխան դրույթների ուժը կորցնելու ժամկետը հետաձգել է մինչև սեպտեմբերի 30-ը, ինչը սույն օրենքի նշված հոդվածի՝ այսինքն 68-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն նշանակում է, որ մինչև սեպտեմբերի 30-ը վիճարկվող դրույթները համարվում են Սահմանադրությանը համապատասխանող»,- նշեց Եղիշե Կիրակոսյանը:

Նա շեշտեց, որ ՍԴ-ի որոշումից միանշանակ հետևում է, որ մինչև սեպտեմբերի 30-ը ամբողջությամբ շարունակում է գործել օրենքի 5-րդ հոդվածը, ինչը նշանակում է, որ այդ ժամանակահատվածում պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցում են 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը: Բացի այդ, համաձայն օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասի՝ նրանք պարտավոր են կատարել համապատասխան ամսական կուտակային վճար: Այս պահանջը նույնպես գործում է մինչև սեպտեմբերի 30-ը:

«Մինչև սեպտեմբերի 30-ն ամբողջությամբ գործում է նաև օրենքի 76-րդ հոդվածը: Այսպիսով, այս հստակության հետ կապված, կարծում ենք, որ մտացածին և տեղին չեն շրջանառվող իրարամերժ մոտեցումները: Կարծում ենք, սա կողմնորոշիչ կլինի կառավարության համար՝ ՍԴ որոշման բովանդակության վերաբերյալ միասնական հստակ դիրքորոշում ունենալու»,- հայտնեց փոխնախարարը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանն էլ հավելեց, որ Վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը սկսել է գործել:

«Վարչապետի որոշմամբ ժամկետ սահմանվեց մինչև մայիսի 15-ը, որպեսզի աշխատանքային խումբը Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված բոլոր իրավական դիրքորոշումները, նորմերը, որոնք նշեց նաև պարոն Կիրակոսյանը, հնարավորինս սեղմ ժամկետում կարողանա օրենսդրական փաթեթով ներկայացնել կառավարությանը: Եվ նաև մենք երեկ հայտարարության արեցինք, որ հրավիրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին՝ մասնակցելու այդ աշխատանքներին, քանի որ ի վերջո համատեղ աշխատանքի արդյունքում պիտի լուծումներ գտնենք իրավական դաշտում, օրենքի շրջանակում: Եվ այդ առումով մեկ անգամ ևս առաջարկում ենք ուղղակի մասնակցել այդ աշխատանքին և զերծ մնալ տարբեր շահարկումներից»,- ասաց Արտեմ Ասատրյանը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել