Պարտադիր կենսաթոշակային համակարգը մեր երկրի ապագայի համար այլընտրանք չունի. պնդեց Հակոբ Հակոբյանը

Կան պետության և ժողովրդի առջև ծառացած այնպիսի հիմնախնդիրներ, որոնք կարճաժամկետ և լայն ժողովրդականություն ունեցող լուծումներ պարզապես չունեն: Երբեմն այդ խնդիրներն այնքան կարևոր են, որ դրանց լուծման հետաձգումը՝ կարճաժամկետ թվացող օգուտով հանդերձ, ի զորում է երկարաժամկետ հատվածում սասանել պետության հիմնասյուները, հարցականի տակ դնել երկրի ապագան: Այս մասին Սահմանադրական դատարանին իր եզրափակիչ խոսքում ասաց պատասխանող կողմի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը:

«Ամբողջովին գիտակցելով թե´ հարցի կարևորությունը, թե´ ներկա պահին դրա հասարակական ընկալումները, մենք ունենք համոզմունք, որ պարտադիր կենսաթոշակային համակարգը մեր երկրի ապագայի համար այլընըտրանք չունի: Հենց այս համոզմունքն է, որ ստիպել է մեզ գնալ ոչ թե էժանագին քաղաքական դիվիդենտների, այլ վճռական, թեև ոչ ականջահաճո բարեփոխումների ճանապարհով»,- հայտնեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ հենց այս համոզմունքն է, որ իրենց հավատ տալիս բաց ճակատով նայելու այն սերունդների աչքերին, ովքեր քաղելու են այս համակարգի օգուտները:

«Հենց այս հավատն է, որ մեզ իրավունք է տալիս ասելու, որ մեր երկիրն ունի լուսավոր ապագա, որ սերունդներին թողնում ենք կենսունակ պետություն: Բարձր դատարան, լիահույս եմ, որ կիսում եք իմ այս հավատը մեր երկրի նկատմամբ, ինչպես նաև վստահ եմ, որ Ձեր ցանկացած որոշում կամրապնդի այս հավատը ոչ միայն իմ, այլ ողջ հասարակության մոտ»,- եզրափակեց Հակոբ Հակոբյանը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել