«Յուրաքանչյուր տարի այսօրը մեզ հիշեցնում է, որ կրթությունը ամենահուսալի ներդրումն է մեր ներկայի և ապագայի համար»․ ՀԱՊՀ ռեկտորի ուղերձը

ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:

Ուղերձում նշվում է․ «Կրթության ոլորտի հարգելի գործիչներ,

Սիրելի ուսանողներ, աշակերտներ և նախակրթարանի սաներ,

Շնորհավորում եմ բոլորիս սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։

Յուրաքանչյուր տարի այսօրը մեզ հիշեցնում է, որ կրթությունը ամենահուսալի ներդրումն է մեր ներկայի և ապագայի համար։ Կրթության միջոցով ձեռքբերված գիտելիքները բացառիկ ուժ են, որոնք առաջնորդում են մարդկության կյանքը, կազմակերպում այն և ապահովում անվտանգությունը տարբեր ոլորտներում։

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը իր հարկի տակ ձևավորել է բոլոր կրթական կառույցները՝ համալսարան, քոլեջ, ավագ դպրոց, հիմնական դպրոց և նախակրթարան, որպեսզի հայ երեխաներին առաջնորդի կրթության բոլոր փուլերում՝ փոխանցելով խորը, ճկուն STEM գիտելիքներ, զարգացնելով փափուկ հմտություններ և ձևավորելով ազգային ու մշակութային արժեքներ։ Մեր նպատակն է կրթության այս արժեքավոր ճանապարհի միջոցով պատրաստել գիտության, կրթության, տեխնոլոգիաների և հանրային կյանքի ապագայի առաջնորդներին։

Այս առաքելությունը մենք իրականացնում ենք մեր դասախոսական և մանկավարժական կազմի անձնուրաց աշխատանքի շնորհիվ և մշտապես ձգտում ենք ապահովել մրցունակ կրթություն՝ բարելավելով ենթակառուցվածքները, ստեղծելով նոր լաբորատորիաներ և կրթությանը աջակցող այլ ենթակառուցվածքներ, ինչպես նաև բարձրացնելով աշխատավարձերը մեր ակադեմիական անձնակազմի համար՝ նպաստելով նրանց մասնագիտական աճին և աշխատանքի արդյունավետությանը։

Սիրելի՛ ուսանողներ, աշակերտներ և նախակրթարանի սաներ,

Թող այս նոր ուսումնական տարին լինի լի նոր գիտելիքներով, հետաքրքիր բացահայտումներով և ուրախությամբ լեցուն։ Թող յուրաքանչյուրդ գտնի իր ներուժը, աճի և զարգանա, ձեռք բերի նոր հմտություններ և արժանիորեն իրացնի իր երազանքներն ու նպատակները։

Շնորհավորում եմ բոլորիս և մաղթում առողջություն, անսպառ եռանդ, ստեղծագործական ոգի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել