Այսօր կառավարության նիստում հաստատվեց ԲՏԱ նախարարության կողմից ներկայացված «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Այս մասին հայտնում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Իմ խոսքում ընդգծել եմ, որ օրենսդրական այս նախաձեռնությունը նպատակ ունի ստեղծել միասնական և համակարգված մոտեցում կիբեռմիջադեպերի կանխարգելման, արձագանքման և հետևանքների վերացման համար՝ հիմնվելով պետություն-մասնավոր հատվածի սերտ համագործակցության վրա: Փաթեթով կարգավորվում են նաև միասնական թվայնացված միջավայրի ստեղծման և բաց տվյալների քաղաքականության ներդրմանն առնչվող հարցերը:
Անդրադառնալով նախագծերի փաթեթում ներկայացված օրենքներին, մանրամասնել եմ յուրաքանչյուրի կարգավորման առարկան, նպատակն ու կարևորությունը, մասնավորապես՝ Կիբեռանվտանգության մասին» օրենքով սահմանվում են կենսական նշանակություն ունեցող ոլորտներն ու կրիտիկական ենթակառուցվածքները՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում։
Սահմանվում են չափանիշներ՝ հիմնված ռիսկերի և ազդեցության գնահատման վրա, ինչպես նաև որոշակի ստանդարտներ, որոնք պարտադիր են պետական կառույցների, հանրային ոլորտի և քաղաքացիական ենթակառուցվածքներ շահագործող մասնավոր ընկերությունների համար:
Միաժամանակ ընդգծել եմ, որ սա չի նշանակում, թե հրաժարվելու ենք ապագայում ազգային ստանդարտների մշակման և ներդրման գաղափարից, հակառակը՝ պետք է հոգ տանել, որպեսզի այդ ստանդարտները լինեն մրցունակ:
Անդրադարձել եմ նաև Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ստեղծմանը, որը գործելու է ինքնավար մարմնի կարգավիճակով, իսկ անդամներն ընտրվելու են ՀՀ ազգային ժողովի կողմից։
Ներկայացնելով «Հանրային տեղեկությունների մասին» օրենքը՝ նշել եմ, որ դրանով ուրվագծվում է պետական թվային ճարտարապետությունը և ներդրվում է տվյալների կառավարման նոր քաղաքականություն:
Խոսքս ամփոփել եմ՝ ընդգծելով հասարակության կիբեռգրագիտության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը»,-նշել է նա: