2025 թվականի հուլիս ամսվա միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 18․6 °C, որը նորմայից բարձր էր 0․9 °C-ով։ Տեղումների ամսական քանակը՝ 40․5 մմ, նորմայից ցածր էր՝ կազմելով նորմայի 86 %-ը։ Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։
Չորային պայմաններ դիտվեցին Սյունիքում։ Այստեղ տեղումների ամսական քանակը չգերազանցեց հուլիս ամսվա նորմայի 30-50 %-ը, իսկ Մեղրիում ընդհանրապես անձրևներ չեն դիտվել ողջ ամսվա ընթացքում։ Միևնույն ժամանակ Լոռիում և Գեղարքունիքի մարզի առանձին վայրերում դիտվեցին նորմայից ավել տեղումներ։
Հուլիս ամսվա վերջին տասնօրյակը առանձնացավ բարձր ջերմաստիճաններով։ Օդի միջին օրական ջերմաստիճանները բարձր էին նորմայից 2-4 աստիճանով։ Հուլիսի 29-31-ը Հանրապետության առանձին շրջաններում դիտվեցին սաստիկ շոգեր։ Արարատյան դաշտում և Արենիում օդի առավելագույն ջերմաստիճանները գերազանցեցին 40 °C-ը։ Հուլիսի 30-ին Արենիում և Ուրցաձորում օդի ջերմաստիճանը հասավ 41․5 °C-ի։
1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր 20․5 °C , իսկ ամենազովը՝ 1946 թվականին՝ 14․6 °C միջին ամսական ջերմաստիճանով❄️։
Ամենախոնավ հուլիսը դիտվել է 1939 թվականին, երբ տեղումների քանակը կազմեց 125․8 մմ, իսկ ամենաչորը՝ 1978 թվականին՝ 5․1 մմ տեղումների քանակով։
Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ հուլիս ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․7 °C-ով 1935-2025 թթ․ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 15 % կամ 7 մմ-ով։