Ռուբեն Վարդազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով

ԲԴԽ նախկին նախագահ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը մեղավոր ճանաչվեց։

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց վճիռը՝ մեղավոր ճանաչելով Ռուբեն Վարդազարյանին՝ դատապարտելով ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, ինչպես նաև՝ 2 տարի ժամկետով զրկելով պաշտոն զբաղեցնելու իրավունքից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2025թ․ մարտի 18-ին Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, պետք է հրապարակեր ԲԴԽ նախկին նախագահ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով վճիռը, սակայն որոշել է գործի քննությունը վերսկսել՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հարցաքննության անհրաժեշտությամբ։  Վերջինս դատարանում հարցաքննվել է՝ վկայի կարգավիճակով։

Հիշեցնենք, որ ՀՀ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանին ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար ու որպես խափանման միջոց կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման՝ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա։ Նշենք, որ քրեական գործը դատարան է ուղարկվել 2021թ սեպտեմբեր ամսին, սակայն մեկ տարվա ընթացքում գործն այդպես էլ ապացույցների հետազոտման փուլին չէր հասել, գտնվում էր դատաքննության նավապատրաստման փուլում։ Այնուհետեւ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը որոշում կայացրեց գործն ըստ ընդդատության Հակակոռուպցիոն դատարան ուղարկելու մասին և այժմ գործը դատավոր Վահե Դոլմազյանի վարույթում է։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել