Վահագն Վերմիշյանն արդեն 5 տարի 6 ամիս անազատության մեջ է՝ անհիմն մեղադրանքի հիման վրա. Վահագն Վերմիշյանի պաշտպանության խումբ

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանն արդեն 5 տարի 6 ամիս գտնվում է անազատության մեջ՝ անհիմն մեղադրանքների հիման վրա: Թեև 2024թ. մարտի 4-ին նրա խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի, այնուամենայնիվ նրա իրական ազատությունը չի վերականգնվել: Պաշտպանության կողմի հետևողական իրավական ջանքերի արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը 2025թ. ապրիլի 25-ին վարույթ է ընդունել պաշտպանության կողմի բերած վճռաբեկ բողոքը:

Գործի փաստերը

Վահագն Վերմիշյանը ձերբակալվել է 2020թ. փետրվարի 5-ին ՀՀ ԱԱԾ կողմից և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական նախորդ օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մաս 3-րդ կետով (2 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2 կետերով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2023թ. մայիսի 15-ի դատավճռով նա դատապարտվել է 8 տարի ժամկետով ազատազրկման: ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը 2024թ. նոյեմբերի 15-ին մասնակիորեն բեկանել է այդ դատավճիռը, ճանաչելով նրա անմեղությունը մի շարք դրվագներով, սակայն զարմանալիորեն պահպանել է 8 տարի ազատազրկման պատիժը:

Վահագն Վերմիշյանի պաշտպանական խումբը բացահայտել է գործում առկա մի շարք էական խախտումներ.

  1. Քննչական ենթակայության կոպիտ խախտում. Գործի քննությունն իրականացվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից, երբ այդ պահին գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի համաձայն պետք է կատարվեր բացառապես Հատուկ քննչական ծառայության կողմից։ Այս հիմնարար խախտումն ինքնին բավարար է գործն ամբողջությամբ կարճելու համար:
  2. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման էական խախտումներ. «Հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Արտաքին դիտում», «Ներքին դիտում» ՕՀՄ-ներն իրականացվել են օրենսդրությամբ սահմանված ընթացակարգային պահանջների կոպիտ խախտումներով, որի արդյունքում ձեռք բերված բոլոր նյութերը պետք է ճանաչվեն որպես անթույլատրելի ապացույցներ:
  3. Գործում բացակայում են մեղադրանքը հիմնավորող ապացույցներ. Քրեական գործում առկա չէ գեթ մեկ ապացույց, որն ուղղակիորեն կհաստատեր, որ Վահագն Վերմիշյանը կաշառք է պահանջել կամ ստացել: Նույնիսկ Վերաքննիչ դատարանն է մասնակիորեն ճանաչել այս հանգամանքը՝ արդարացնելով նրան մի շարք դրվագներով:
  4. Պաշտպանության իրավունքի էական խախտում. Գործի համար առանցքային նշանակություն ունեցող վկա Նատալիա Չեռնիկովայի չհարցաքննումը, չնայած նրա անվան 489 անգամ հիշատակմանը գործում, էապես սահմանափակել է պաշտպանության կողմի իրավունքները: Չեռնիկովայի ցուցմունքը կարող էր վճռորոշ նշանակություն ունենալ գործի ելքի համար: Խուզարկություններով Նատալիա  Չեռնիկովայի և Վահագն Վերմիշյանի աշխատասենյակներից առգրավված համակարգիչները զննվել են թերի՝ միայն այն պանակների մասով, որոնք պարունակել են քննությանը արդեն հայտնի դրվագներով շինարարական նախագծերի անվանումներ, սակայն միտումնավոր չեն զննվել այն պանակները, որոնք պարունակել են Չեռնիկովայի կողմից կատարված իրական աշխատանքները:
  5. Արդարադատության իրականացման քաղաքական միջամտության հնարավոր դրսևորումներ. Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան իր 2024թ. դեկտեմբերի 20-ի հայտարարությամբ հատուկ անդրադարձել է Վահագն Վերմիշյանի գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կայացրած որոշմանը՝ արձանագրելով դատական գործընթացի անկախության և անաչառության հետ կապված լուրջ մտահոգություններ:

Պաշտպանական խմբի դիրքորոշումը

Վահագն Վերմիշյանի պաշտպանական խումբը հույս է հայտնում, որ.

  1. ՀՀ Վճռաբեկ դատարանը
    • Որքան հնարավոր է շուտ կվերացնի Վահագն Վերմիշյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ տնային կլանաքը և կվերականգնի նրա ազատությունը,
    • Կապահովի գործում առկա ապացույցների օբյեկտիվ գնահատումը, կպարզի ապացույցների ձեռքբերման ընթացակարգային խախտումների առկայությունը և կբացահայտի քննչական ենթակայության կանոնների խախտման փաստը,
    • Կդրսևորի բարձր մասնագիտական և անաչառ մոտեցում՝ բեկանելով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2024թ. նոյեմբերի 15-ի որոշումը և ճանաչելով Վահագն Վերմիշյանի անմեղությունը բոլոր մեղսագրվող հանցագործություններում։

Վահագն Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը նշում է. «Մեր վստահորդն արդեն 5 տարի 6 ամսից ավելի է անազատության մեջ է գտնվում՝ ակնհայտ անհիմն մեղադրանքների հիման վրա։ Այս ընթացքում մի քանի դրվագներով նա արդարացվել է, սակայն անտրամաբանական կերպով պատիժը մնացել է նույնը՝ 8 տարի ժամկետով ազատազրկում։ Այս փաստը միայն հաստատում է, որ գործն ունի քաղաքական ենթատեքստ և նրա նկատմամբ իրականացվում է անհիմն քրեական հետապնդում։ Մենք հույս ունենք, որ Վճռաբեկ դատարանը կվերականգնի արդարությունը»:

Վահագն Վերմիշյանի պաշտպանական խումբը վստահ է, որ վճռաբեկ ատյանում գործի քննությունը կբացահայտի իրավապահ մարմինների կողմից թույլ տրված էական և համակարգային խախտումները և կվերականգնի արդարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել