ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը դատական հայց է ներկայացրել Վազգեն Սաղաթելյանի դեմ։
Ինչպես Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից, նա դատարանին խնդրում է պատասխանող Վազգեն Սաղաթելյանին պարտավորեցնել զրպարտության համար հրապարակել հերքում՝ հետևյալ բովանդակությամբ՝ «Հուլիսի 19-ին ես «ԱնտիՖեյք Թի Վի» յութուբյան, ֆեյսբուքյան, ինստագրամյան, տելեգրամյան ալիքներով, ինչպես նաև antifake.am վեբկայքով հեռարձակված և տարածված «Իմնեմնիմի» փոդքասթ անվանմամբ հաղորդման շրջանակներում տարածել եմ Արուսյակ Մանավազյանի վերաբերյալ տեղեկատվություն։ Հայտնում եմ, որ այդ հաղորդմամբ հնչեցված տեղեկությունները զրպարտում են Արուսյակ Մանավազյանին, կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը»։
Նա պահանջում է հերքումն իրականացնել «Անտիֆեյք էյէմ» անվամբ գործող բոլոր սոցիալական ցանցերում, ինչպես նաև www.antifake.am կայքում «Հերքում․ Արուսյակ Մանվազյանին զրպարտող տեղեկատվության վերաբերյալ» խորագրի ներքո տեսանյութ տարածելու միջոցով, որն իր տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հաղորդման ժամի առումով չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է, ինչպես նաև վերնագիրը և տեսանյութում տարածվող տեքստը չպետք է պարունակեն պատասխանողի կամ որևիցե այլ երրորդ անձի ցանկացած այլ մեկնաբանություն։ Նշված էջերով (ալիքով) հերքումը տարածելու անհնարինության դեպքում (էջի ջնջում, արգելափակում և այլն), հերքման տեքստը տարածել պատասխանողի անձնական ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերով։ Հերքումը պահպանել առանց ժամկետի սահմանափակման։
Պատասխանող Վազգեն Սաղաթելյանից հօգուտ Արուսյակ Մանավազյանի պահանջվում է բռնագանձել 1 միլիոն դրամ՝ որպես զրպարտության դիմաց փոխհատուցման գումար։
Գործը դատարան է մակագրվել օգոստոսի 1-ին դատավոր Սարգիս Արմենակյանին։