Արցախում կյանքը 2020 թվականից առաջ ու հետո ենթարկվեց շրջադարձային փոփոխությունների։ Այս մասին Iravaban.net-ի «Արցախահայերի իրավական խնդիրները Հայաստանում» շարքի շրջանակներում ասաց «Գանձասար» մատենադարանի գիտամշակութային կենտրոնի տնօրեն Մերի Դավթյանը։
«Հետպատերազմյան իրողությունների պայմաններում պետք է նոր մեթոդներով ու մեխանիզմներով շարունակեինք պայքարը՝ ձևավորելով գործունեության այնպիսի տեսակ, որը թվում էր, թե կարող է հանգեցնել մեր իրավունքների ու նպատակների լուծմանը։ Մինչդեռ ընդամենը երեք տարի պահանջվեց՝ ամբողջապես հակառակում համոզվելու համար։ Ինչ վերաբերում է 2020 թվականից հետո «Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպության ձևավորմանը, ապա իմ դեպքում դա այլընտրանք չէր թողնում, որովհետև ես ինքս երկար տարիներ ապրել եմ Հադրութում։ Հադրութի կորուստը մեծ ողբերգություն ու ցավ էր։ Ուստի մի խումբ ընկերներով որոշեցինք ձևավորել այդ հասարակական կազմակերպությունը՝ մտածելով, որ միջազգային օրենքներով և պատմության ուժով հնարավոր կլինի Հադրութի դեօկուպացիան»,- ասաց մեր զրուցակիցը։
Հասարակական կազմակերպությունը ստեղծվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի ջանքերով։ Մերի Դավթյանը նշում է, որ այդպես աշխատանքներն ավելի համակարգված ու ուղղորդված կդառնային։ Սակայն ՀԿ-ն այժմ կորցրել է իր արդիականությունը, քանի որ օկուպացված է ամբողջ Արցախը, և ջանքերը պետք է ներդրվեն Արցախի դեօկուպացիայի համար։
Խոսելով շրջափակման 9 ամիսների մասին՝ նա հիշում է, որ արցախցիները առաջին պատերազմի ընթացքում և դրանից հետո ևս երկար են ապրել նման պայմաններում, սակայն ինչպես այն ժամանակ, այնպես էլ 2023 թվականին նպատակը մեկն էր՝ մնալ Արցախում։
«Հույս էինք փայփայում, որ միջամտություն կլինի։ Դրա համար և՛ ինը ամսվա շրջափակումը, և՛ մինչ այդ՝ 2.5 տարին ռուս խաղաղապահների ապահովությամբ, իբր՝ պաշտպանությամբ ապրելը շատ գիտակցված ու բնական վիճակ էր։ Այո, կար կամք, կար վճռականություն։ Չնայած նրան, որ հատկապես վերջին ամիսներին հացի խնդիրը ճգնաժամային էր։ Տեղի ունեցան ողբերգական ելքերով դեպքեր։ Այդ ամենով հանդերձ՝ էթնիկ զտման տարբերակը մեզ համար ամենաանընդունելին էր»,- ասում է Մերի Դավթյանը։
Նա հիշում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ը, երբ ադրբեջանական կողմը սանձազերծեց հերթական ագրեսիան Արցախի դեմ։
«Արդեն ինտենսիվ երկրորդ-երրորդ հարվածներից հասկացանք, որ դարձյալ սկսվեց։ Նորից իջանք նկուղ, նորից՝ անորոշ սպասումով, տղամարդիկ նորից մեկնեցին ճակատ։ Պատերազմի ավարտից հետո ևս երկու օր նկուղային պայմաններում էինք ապրում, որովհետև իրավիճակն անորոշ էր, և թշնամուց ամեն ինչ կարելի էր սպասել։ Հիշում եմ՝ մենք ընտանիքով որոշել էինք և գտնում էինք, որ անկախ ամեն ինչից՝ ճիշտը մնալն էր։ Սակայն ժամերի, օրերի ընթացքում պարզ դարձավ, որ մնալը մեծ սպառնալիք է։ 56 ժամ տևած գաղթի ճանապարհը հաղթահարեցինք՝ ամբողջությամբ հասկանալով մոտ 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձության խորքն ու ցավը։ Միանգամայն հասկանալի դարձավ, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին։ Կոմիտասի սինդրոմն ինձ համար հասկանալի դարձավ։ Ամենաանհավանական տեսարաններն ու պատկերներն էին՝ և՛ ծնունդ կար ճանապարհին, և՛ մահ»,- հիշում է մեր զրուցակիցը։
Անդրադառնալով արցախահայերի խնդիրներին՝ Հայաստան տեղափոխվելուց հետո, Մերի Դավթյանը նշում է, որ դրանք շատ բազմազան են, քանի որ որքան էլ Հայաստան-Արցախ կապը գոյություն ուներ, միևնույնն է՝ մարդիկ եկել են դեպի անորոշություն։
«Առաջինը սոցիալական և կենցաղային հարցերն էին, որոնց բախվում էին արցախահայերը։ Առաջնային խնդիր է նաև զբաղվածության հարցը, որը մնում է ամենաբարդերից մեկը։ Մենք ոչ թե հակադրվում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն վերցնելուն, այլ պարզապես չենք տարանջատում մեզ»,- նշեց մեր զրուցակիցը։
Մանրամասները՝ տեսանյութում։