Երևանի Լենինգրադյան փողոցի անվանափոխման հարցը տարիներ շարունակ քննարկվում է։ Այսօր «Հանրապետություն» խմբակցությունը նախաձեռնել է այն անվանափոխել մեծ հայի, մեծ բարերարի, ՀՀ ազգային հերոս Քըրք Քըրքորյանի անունով։
Այս մասին նշված է «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի գրառման մեջ
«Քըրք Քըրքորյանը իր ամբողջ կյանքի ընթացքում անչափ շռայլ ու հետևողական բարեգործական գործունեություն է ծավալել՝ օգնելով իր պատմական հայրենիքին՝ Հայաստանին։
Քանի որ այս փողոցը տարիներ շարունակ եղել է քննարկումների կենտրոնում և իր դիրքով ու նշանակությամբ բացառիկ տեղ ունի Երևանում, մենք որոշել ենք՝ բացի «Ակտիվ քաղաքացի» հարթակում անցկացվող հանրային քննարկումից, հանդիպել նաև փողոցի բնակիչներին։ Անհրաժեշտության դեպքում հանդես կգանք ասուլիսով՝ ներկայացնելով նախաձեռնության մանրամասները և պատասխանելով բոլոր հարցերին։
Ժամանակն է, որ Երևանը հպարտությամբ կրի նաև Քըրք Քըրքորյանի անունը»,-գրառել է Անի Խաչատրյանը։