«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանն արձագանքել է ՀՀ կառավարության՝ «Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի ՀԷՑ-ի գործով կայացրած վճռի վերաբերյալ հայտարարությանը։
«Կարծում եմ՝ Դուք հնարավորություն ունեիք ներկայացնելու Ձեր դիրքորոշումը դատարանին, սակայն այն ճանաչվել է ոչ հիմնավոր։ Ուստի առաջարկում եմ առաջնորդվել եվրոպական արժեքներով և օր առաջ կատարել դատարանի օրինական որոշումը»,- գրել է նա։
Ի պատասխան մամուլում տեղ գտած հրապարակումների այն մասին, որ Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում, գործադիրից հայտնում են․
«Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը: Մասնավորապես, ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի,
· միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը,
· հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը,
· ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը և հետագա չարաշահումների կանխարգելումը:
Հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը»: