Երբ հերթը հասնում է հանրության ներկայացուցիչների ելույթներին, նրանց մեծ մասը արդեն լքած են լինում դահլիճը. ՀԲՃ

Ս. թ. փետրվարի 20-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանում (ՀԱՀ) ԵԱՀԿ երևանյան գրասենյակը քննարկում էր կազմակերպել «Փոքր ՀԷԿ-երի ոլորտում կայուն զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով: Քննարկմանը հրավիրված էին ՀՀ պետական լիազոր մարմինների պաշտոնյաներ, Հայաստանում գործող միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչներ, բնապահպանական ոլորտի մասնագետներ, հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիական նախաձեռնությունների անդամներ:

Քննարկման բուն ձևին ու բովանդակությանը չանդրադառնալով՝ միայն նշենք, որ որպես կանոն այդ քննարկումներն անցնում են լարված մթնոլորտում: Որոշ պաշտոնատար անձինք ոլորտին առնչվող թեմաների արդի վիճակի ու թերությունների մասին լսելիս արձագանքում են շատ ագրեսիվ, ընդունում են այն որպես անձնական վիրավորանք և սկսում բանախոսի կամ հարց տվողի հետ անձնական բնույթի քննարկում ծավալել՝ փորձելով կտրվել մեր դառը իրականությունից: Դրա հետ մեկտեղ, երբ հերթը հասնում է հանրության ներկայացուցիչների ելույթներին կամ նյութի ներկայացմանը, նրանց մեծ մասը արդեն լքած են լինում դահլիճը՝ տարբեր պատճառաբանություններով: 

Մենք սա որակում ենք որպես անպատասխանատու և անհարգալից վերաբերմունք հանրության նկատմամբ և պահանջում ենք, որպեսզի այս և նման այլ բնույթի քննարկումների ժամանակ, պաշտոնատար անձինք բարի լինեն մնալ մինչև քննարկման ավարտը և լսեն ու մասնակցեն թեմայի ամբողջական քննարկմանը, այլ ոչ թե ելույթ ունենալուց որոշ ժամանակ անց թողնեն ու հեռանան:

Հակառակ դեպքում անհրաժեշտ է բոլոր նման քննարկումների ընթացքում սկզբից ձայն տալ հանրության ներկայացուցիչներին, այնուհետև պետական պաշտոնյաներին: Այլապես ստացվում է անարդյունավետ ու անիմաստ հանդիպում, ինչին ականատես եղանք փետրվարի 20-ին՝ ՀԱՀ-ում տեղի ունեցած վերը նշված քննարկման ժամանակ, որն ավարտվեց հանրության, դոնորների ներկայացուցիչների մի մասի և երկու-երեք պաշտոնյաների ներկայությամբ:

Ինչ վերաբերում է սույն ոլորտի հարցերի քննարկմանը Հայաստանի փոքր ՀԷԿ-երի միության նախագահ տիկին Նաիրա Նահապետյանին, որն իր ելույթում հերթական անգամ պնդեց, թե փոքր ՀԷԿ-երը ընդհանրապես խնդիրներ չեն առաջացնում, ապա անձամբ դիմում ենք նրան՝ տիկին բարի եղեք, հրավիրված քննարկմանը մնալ մինչև վերջ և լսել այլոց ելույթներն ու կարծիքները, այլապես Ձեր ներկայությունը դառնում է ավելորդ և աննպատակահարմար: Դուք դրանով ոտնահարում եք նաև Ձեր միության պատիվն ու հեղինակությունը: Ձեր այդ արհամարհական վերաբերմունքի արդյունքում է, որ միությունը որևէ հեղինակություն չունի հանրության լայն զանգվածի մոտ: Ձեր ելույթները միայն առաջացնում են քմծիծաղ կամ առնվազն զայրույթ:

Հարգելի´ պաշտոնատար անձինք, Հայաստանի Հանրապետությունը ձեր սեփականություն չէ, իսկ հանրային պահանջի առկայությունն էլ անպայման չէ եվրամայդան լինի, որպեսզի հասկանաք, որ հանրության գերակշիռ մեծամասնությունը դժգոհ է ձեր աշխատանքից, իսկ ձեր գործողությունները չեն կրում հանրօգուտ բնույթ և առնչություն չունեն պետական կառավարման հետ:

 Տեսանյութում կարող եք տեսնել թե ինչ խնդիրներ են առաջանում փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման հետևանքով:

Այս խնդիրների վերաբերյալ մեր առաջարկներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)

Ֆեյսբուքյան էջ`           https://www.facebook.com/armecofront

Յութուբյան ալիք`       https://www.youtube.com/user/armecofront

Էլ. փոստ`                      [email protected]

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել