Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան – Դիմակայուն Սյունիք ծրագիր» ԿԶԵՀ+ Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագրի ստորագրման առաջարկությանը:
Համաձայն Ֆինանսական համաձայնագրի՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 50,000,000 եվրո վարկային միջոց, իսկ ՀՀ կառավարությունը պարտավորվում է համաֆինանսավորել հարկերը, տուրքերը, ծրագրի իրականացման հետ կապված գործառնական ծախսերը և մնացած այն ծախսերը, որոնք վարկային միջոցներից թույլատրելի չէ իրականացնել։ Ծրագրի Ֆինանսական համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջնաժամկետ է նախատեսվում Ֆինանսական համաձայնագրի ստորագրման ամսաթվից հետո՝ 12 ամիս։ Ծրագրի ավարտի ժամկետ է նախատեսվում Ֆինանսական համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի։
Ծրագրի նպատակն է թիրախային աջակցություն տրամադրել Սյունիքում բազմաոլորտային ներդրումներ կատարելու միջոցով՝ անդրադառնալով վերջին հակամարտությունների հետևանքներին: Այն կներառի Սյունիքի մարզի տարբեր համայնքներ, որոնք զգալիորեն տուժել են պատերազմից` կենտրոնանալով այն համայնքների վրա, որոնք կա՛մ հյուրընկալում են տեղահանված մարդկանց, կա՛մ իրենք են վերականգնվում հակամարտության հետևանքով կրած վնասներից: Ծրագրի շրջանակում կապահովվի արդյունավետ տեխնիկական աջակցություն և կվերահսկվի ենթածրագրերի իրականացումն ու մոնիթորինգը, որոնք նպատակաուղղված կլինեն ենթակառուցվածքների բարելավմանը, մասնավորապես` ջրամատակարարման, առողջապահության և կրթության ոլորտներում՝ համայնքի դիմակայունությունը և տնտեսական վերականգնումը խթանելու համար: