Այլընտրանքային է համարվում ժամկետային պարտադիր զինվորական ծառայությանը փոխարինող ծառայությունը, որը կապված չէ զենք կրելու, պահելու, պահպանելու և օգտագործելու հետ ու իրականացվում է ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական հիմնարկներում:
Լինելով մտքի, խղճի և կրոնի ազատության բաղադրիչ՝ զինծառայությունից խղճի թելադրանքով հրաժարման իրավունքը երաշխավորված է միջազգային իրավունքի փաստաթղթերի գնալով աճող ծավալով: Չնայած այն բացահայտորեն ամրագրված չէ այնպիսի լրջագույն միջազգային պայմանագրերի տեքստում, ինչպիսիք են «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» Միավորված ազգերի միջազգային դաշնագիրը (այսուհետ՝ ՔՔԻՄԴ) կամ Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիան (այսուհետ՝ ՄԻԵԿ), այս իրավունքը բացահայտ եզրերով ճանաչված է հիշյալ պայմանագրերի մոնիթորինգային և մեկնաբանող մարմինների կողմից: Այսպիսով՝ Միավորված ազգերի Մարդու իրավունքների կոմիտեն ՔՔՔԻՄԴ-ի հետ կապված անառարկելիորեն հայտարարել է, որ. «Դաշնագիրը բացահայտ եզրերով չի ամրագրում խղճի թելադրանքով հրաժարման իրավունքը, սակայն Կոմիտեն համոզված է, որ այդ իրավունքը բխում է 18-րդ հոդվածից [ՔՔԻՄԴ], քանի որ մահաբեր ուժի կիրառման պարտականությունը կարող է լրջորեն հակասել խղճի ազատությանը և կրոնի կամ համոզմունքների արտահայտման իրավունքին»:
«Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն` այլընտրանքային զինվորական ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում են միայն զենք կրելը, պահելը, պահպանելը կամ օգտագործելը:
Այլընտրանքային աշխատանքային ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ընդհանրապես զինվորական ծառայություն անցնելը:
Պարտադիր զինվորական ծառայություն անցնող Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող հրաժարվել իր ծառայությունից և ընտրել այլընտրանքային ծառայությունը, իսկ այլընտրանքային ծառայություն անցնող քաղաքացին չի կարող հրաժարվել իր ծառայությունից և ընտրել պարտադիր զինվորական ծառայությունը:
Այլընտրանքային զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 30 ամիս:
Այլընտրանքային աշխատանքային ծառայության ժամկետը սահմանվում է 36 ամիս: