Ռուսաստանից ժամանած գործարարների հետ ներդրումային նոր ծրագրեր են քննարկվել

Քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման և ներդրումային նոր ծրագրերի իրագործման ուղղությամբ առաջարկներ են քննարկվել Ռուսաստանի Դաշնությունից ժամանած գործարարների հետ` Երևանի քաղաքապետարանում հրավիրված կլոր սեղան-քննարկման շրջանակում:

Քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, ողջունելով կլոր սեղանի մասնակիցներին, նկատել է, որ պարբերաբար կազմակերպվող նման հանդիպումներն արդյունավետ համագործակցության նոր հնարավորություններ են ստեղծում, որոնք, անշուշտ, նպաստում են քաղաքային տնտեսության զարգացմանը:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Երևանի քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի որդեգրած սկզբունքն այսօր մայրաքաղաքը երևանցիների համար առավել հարմարավետ ու անվտանգ դարձնելն է, և այդ ուղղությամբ իրականացվում են ներդրումային բազմաթիվ ծրագրեր: Երևանում Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օրերի անցկացումն ու նաև այդ երկու քաղաքներում կազմակերպված Երևանի օրերի շրջանակում տեղի ունեցած համաժողովներն ու հանդիպումները եղել են արդյունավետ և հիմք դրել համատեղ ծրագրերի: Վստահ եմ, որ մեր այս երկու հանդիպումները ևս կբերեն շոշափելի արդյունքներ»,- ընդգծել է Արմեն Հարությունյանը: 

ՀՀ-ում ՌԴ առևտրային պալատի ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն, իր հերթին կարևորելով նման հանդիպումների կազմակերպումն ու անցկացումը, նշել է, որ փոխգործակցության է՛լ ավելի ակտիվացումը կնպաստի երկկողմ գործակցային կապերի ամրապնդմանը և նոր հնարավորություններ կստեղծի այլ ոլորտներում ևս համագործակցությունը խորացնելու համար:

Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցություն սկսելու վերաբերյալ, որի արդյունքում պայմանավորվածություն է ձեռքբերվել սեղմ ժամկետում ուսումնասիրել ներկայացված առաջարկներն ու այդ ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկել:

Լուսանկարը՝ yerevan.am-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել