Մի շարք ապրանքների արտահանումը Հայաստանից Չինաստան էապես կավելացվի

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչներին` Ճոու Լիի գլխավորությամբ: 
Ողջունելով հյուրին կառավարությունում՝ վարչապետը նշել է. «Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը, ինչը մեր երկրի առաջնայնություններից է: Ուրախ ենք, որ մեր երկու երկրների միջև ձևավորվել են քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ»: 


Կառավարության ղեկավարը կարևորել է տնտեսական կապերի զարգացումը և նշել, որ դրանց ընդլայնման համար առկա է մեծ ներուժ: Այդ համատեքստում, վարչապետը տեղեկացրել է, որ ընթացիկ տարում նախատեսվում է մեծապես ավելացնել Հայաստանից կոնյակի, գյուղմթերքի և ծխախոտային ապրանքների արտահանման ծավալները Չինաստան: 

Ճոու Լին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և Տիգրան Սարգսյանին փոխանցել Չինաստանի վարչապետ Լի Կեցիանի ջերմ ողջույնները: «Դուք մեծ ջանքեր եք գործադրում հայ-չինական հարաբերությունների զարգացման համար և Չինաստանը դա բարձր է գնահատում: Հայաստանը մեր երկրի ամենավստահելի գործընկերներից մեկն է, և մենք մեծապես կարևորում ենք երկկողմ կապերի զարգացումն ու ընդլայնումը»,- դիմելով վարչապետին՝ նշել է Ճոու Լին: 

Տիգրան Սարգսյանը և Ճոու Լին կարևորել են նաև չինական ավիաընկերությունների ներգրավումը հայկական շուկա, ինչը նոր թափ կհաղորդի նաև զբոսաշրջության զարգացմանը: Այդ առումով, կողմերը անհրաժեշտ են համարել վիզային ռեժիմի դյուրացման ուղղությամբ աշխատանքների իրականացումը: 

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, կրթության և այլ բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացմանը, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող այլ ծրագրերի իրականացման ուղղությամբ համագործակցությանը: 

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանը՝ մեր երկրին ցուցաբերվող օժանդակության, մասնավորապես, Երևանի ավտոբուսների և շտապ օգնության ավտոպարկերը համալրելու, ինչպես նաև հարյուր միլիոն յուանի (շուրջ 16 միլիոնի դոլար) անհատույց ֆինանսական օգնություն տրամադրելու համար: Այդ մասին չինական կողմը հայտարարել էր վարչապետ Սարգսյանի` նախորդ տարվա սեպտեմբերին Չինաստան կատարած այցի ժամանակ: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել