Միայն երկու ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարի պահից քսան րոպեների ընթացքում պատահարի վայրը չթողնելը և ավտոտրանսպորտային միջոցը օրենքով չարգելված այլ վայր չտեղափոխելը կառաջացնի տուգանք

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծ են ներկայացրել։ Այն դեռ ընդգրկված չէ ԱԺ նիստերի օրակարգում։

1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածում առաջարկվում է ավելացնել 40-րդ մաս և այն շարադրել հետևյալ խմբագրությամբ։

«Հոդված 124 Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը`

40. «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 հոդվածի 4-րդ մասով եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 4.1-ին մասի 2-րդ կետի «ա» եւ «բ» պարբերություններով նախատեսված դեպքերում, միայն երկու ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարի պահից քսան րոպեների ընթացքում պատահարի վայրը չթողնելը եւ ավտոտրանսպորտային միջոցը օրենքով չարգելված այլ վայր չտեղափոխելը, եթե ավտոտրանսպորտային միջոցը պատահարի հետեւանքով չունի այնպիսի տեխնիկական անսարքություն, որի առկայության դեպքում արգելվում է դրա շահագործումը

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով»:

Ըստ հիմնավորման՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124 հոդվածը պատասխանատվություն չի սահմանում ողջամիտ ժամկետից ավել ճանապարհատրանսպորտային պատահարից հետո պատահարի վայրը չթողնելու եւ ավտոտրանսպորտային միջոցը օրենքով չարգելված այլ վայր չտեղափոխելու համար, մինչդեռ դրա հետեւանքով ստեղծվում է այլ տրանսպորտային միջոցների վարորդներին կանգ առնելուն կամ երթեւեկության ուղղությունը փոխելուն հարկադրող իրադրություն՝ առաջացնելով արհեստական խցանում:

Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է օրենսդրական բարեփոխման արդյունքում օժանդակել արհեստական խցանումների առաջացման ռիսկերի նվազեցմանը՝ հաշվի առնելով դրանց հետեւանքով առաջացող սաստկալի, հաճախ ժամեր տեւող խցանումները, որոնք իրենց հերթին ունենում են անասելի բացասական թե՛ տնտեսական եւ թե՛ առողջապահական հետեւանքներ մեր քաղաքացիների համար:

Սույն օրենքների նախագծերի փաթեթը վերաբերելի է միայն թվով երկու ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարներին, երբ առկա է միայն գույքային վնաս եւ կողմերն ունեն համաձայնություն մեղավորության վերաբերյալ: Առաջարկվելիք օրենսդրական փոփոխությունները կվերաբերեն ապահովագրական պատահարների ընդհանուր թվի ավելի քան 85 տոկոսին (համաձայն գործող բջջային հավելվածի՝ «Ավտոապահովագրական մեկ պատուհան» համակարգ (ԱԱՄՊ համակարգ, ASWA համակարգ), տեխնիկական սպասարկումն ապահովող «ԲԻՎԱՔ ՀԱՅԱՍՏԱՆ» ընկերության կողմից տրամադրված գրավոր տեղեկատվության:

Ներկայումս գործող կանոնների, օրենսդրության եւ ձեւավորված սովորույթի համաձայն, համաձայնեցված հայտարարգրով կարգավորվող պատահարներից հետո վթարի մասնակիցներն, ըստ քայլերի հերթականության, պարտավորվում են ներբեռնել գործող «Ավտոապահովագրական մեկ պատուհան» համակարգի (ԱԱՄՊ համակարգ, ASWA համակարգ) «ASWA» հավելվածն իրենց բջջային հեռախոսներում, սկսել լրացնել այն՝ մուտքագրելով անձնական տվյալներ, վկայագրերի, այլ փաստաթղթերի լուսանկարներ, կոնտակտային տվյալներ, զանգահարել ապահովագրական ընկերություններին, նրանցից ճշտել հեռախոսահամար, որին այլ բջջային հավելվածներից հարկավոր է ուղարկել լուսանկարներ պատահարի վայրից, այնուհետեւ ճշտել դրանք ստացվել են պատշաճ կերպով, թե՝ ոչ եւ այլն: Եվ այս բոլոր գործողությունների կատարման ընթացքում վթարի մասնակիցներն ազատ են տնօրինելու խցանում առաջացնող իրադրությունը, տնօրինելու ճանապարհն ազատելու ժամանակն՝ այն պարագայում, երբ նրանց միջեւ առկա է վթարի մեղավորության եւ գույքային վնասի սահմանաչափի մասին համաձայնություն:

Գործնականում, ՀՀ բոլոր վարորդներն արդեն սովորել են վթարից հետո անմիջապես ապահովագրական ընկերություն զանգելու պարտականությանը եւ դա կատարում են պատշաճորեն: Բջջային հավելվածը բացակայում է գրեթե բոլոր վարորդների հեռախոսներում, ինչը ներբեռնելն ինքնին մոտ 10 րոպեով հավելյալ արհեստական խցանում է առաջացնում վթարի վայրում: Տարեց վարորդների համար դա տեւում է հավելյալ րոպեներ եւս: Ե՛վ բջջային հավելվածի, եւ՛ թղթային հայտարարգրի լրացման դեպքում տրամաբանությունն այն է, որ վերջին քայլը, որ պետք է կատարի վթարի մասնակիցը՝ դա պատահարի վայրը թողնելն է եւ ավտոտրանսպորտային միջոցը օրենքով չարգելված այլ վայր տեղափոխելը: Վերոնշյալի հետեւանքով աննշան վթարներից հետո անգամ պատահարի վայրում առաջանում է միջինը 1 ժամ 12 րոպե տեւողությամբ արհեստական խցանում, ինչից կարելի է ձերբազատվել առավել ռացիոնալ մոդել ներդնելու միջոցով:

Ապահովագրական ընկերությունների աշխատակիցների հետ զրույցներից պարզվեց, որ 60 տարեկանին մոտ գրեթե բոլոր վարորդներն ունենում են հավելվածը ներբեռնելու, լրացնելու խնդիր եւ միշտ ինչ-որ տեղեկատվություն թերի են լրացնում: Թերի կամ սխալ լրացված տեղեկատվության դեպքում վարորդը հարկադրված է անձամբ մոտենալ ապահովագրական ընկերություն եւ տեղում հաստատել ճշգրտված տեղեկատվությունը՝ թղթային տարբերակով դրված ստորագրությամբ:

Ոչ թե լուսանկարով, այլ պատահարի վայրի 1 տեսաձայնագրությամբ նյութ կցելու պարտավորություն սահմանելուն ապահովագրական ընկերությունների աշխատակիցները կողմ են, գտնում են, որ դա առավել իրական պատկեր կսահմանի, քանի որ նույնիսկ հավելվածով հիմա լուսանկարներ ուղարկելու դեպքում կրկին առաջանում է վարորդներին ընկերություն հրավիրելու անհրաժեշտություն, քանի որ լուսանկարները չեն ներկայացնում վթարի ամբողջական պատկերը:

Քննարկվող պատահարների հարաբերությունները ներկայումս կարգավորվում են հիմնականում հետեւյալ 3 իրավական ակտերով՝ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների բյուրո» (այսուհետ՝Բյուրո) հասարակական կազմակերպություն՝ Բյուրոյի կաոններով եւ ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 15-Ն որոշմամբ: ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 15-Ն որոշման Հավելված 1-ով եւ 2-ով սահմանվում է ապահովագրական պատահարի դեպքում ՀՀ ներքին գործերի նախարարության եւ ոստիկանության իրավասու ստորաբաժանումների տեղեկատվական-փնտրողական համակարգերի միջեւ տեղեկատվության փոխանցման կարգը: Մասնավորապես՝ սահմանվում է ապահովագրական պատահարի դեպքում ՀՀ ներքին գործերի նախարարության եւ ոստիկանության իրավասու ստորաբաժանումների տեղեկատվական-փնտրողական համակարգերի միջեւ տեղեկատվության փոխանցման կարգը:

Գործող կարգի համաձայն միասնական տեղեկատվական համակարգ մուտքի իրավունք ունեն նաեւ ՀՀ ներքին գործերի նախարարության եւ ոստիկանության իրավասու ստորաբաժանումները: Այսինքն՝ ԱՊՊԱ պատահարի դեպքում հավելվածով պատահարի մասնակիցների կողմից մուտքագրված տեղեկատվությունը հասանելի է միաժամանակ 3 մարմնի՝ ապահովագրական ընկերությանը, ՀՀ ներքին գործերի նախարարության եւ ոստիկանության իրավասու ստորաբաժանումներիին եւ Բյուրոյին: Յուրաքանչյուրին՝ իր լիազորություններին համամասնորեն: Հավելվածը ներառված է 3 մարմինների ծրագրերում:

Ուստի, նշյալ երեք ծառայությունների աշխատանքային փորձից ձեւավորված մասնագիտական կարծիքների կարեւորմամբ եւ առավել մասնագիտացված, կիրառելի օրենսդրական փոփոխություն կատարելու նպաատակով ՀՀ ազգային ժողովի վարչական շենքում կազմակերպել ենք թվով 3 հանդիպում-քննարկումներ, որոնց օրակարգային հարցերի քննարկման արդյունքում բոլոր մասնակիցները վերահաստատել են բարեփոխումների անհրաժեշտությունը:

Հանդիպումների օրակարգային հարցերի քննարկումների, հետեւողական համատեղ աշխատանքի արդյունքում առանձնացվել եւ կարեւորվել են ներքոշարադրյալ բարեփոխումները, որոնց ուղղությամբ աշխատանքները, մասնակից կառույցների համաձայնությամբ, մեկնարկել են ամիսներ տեւած վերոհիշյալ 3 հանդիպում-քննարկումների ընթացքում եւ շարունակական են լինելու մինչ առաջարկվող օրենսդրական նախագծի օրինական ուժի մեջ մտնելը: Նշենք, որ Համաձայնեցված հայտարարագրով փոխհատուցման ենթակա գումարի ահմանված շեմն արդեն-իսկ, սույն օրենսդրական նախագծի կազմման նպատակով ՀՀ ազգային ժողովում ոլորտային մասնագետների, փորձագետների եւ պաշտոնատար անձանց մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպում-քննարկումների, դրանց ընթացքում ներկայացված վիճակագրական տվյալների, կարծիքների ու վերլուծությունների շնորհիվ Ավտոապահովագրողների Բյուրոն բարձրացրել է՝ Երեւան քաղաքում փոխհատուցման ենթակա գումարի չափը սահմանելով մինչեւ 400 000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ՝ պատահարը դրա մասնակցի կողմից «Ավտոապահովագրական մեկ պատուհան» համակարգ (ԱԱՄՊ համակարգ, ASWA համակարգի ներբեռնված, պատշաճ լրացված, նույնականացված բջջային հավելվածի միջոցով գրանցելու դեպքում:

Այսպիսով, օրենսդրական նախագծի ընդունմանը զուգահեռ կատարվելիք ոլորտային բարեփոխումներն են՝

1. «Ավտոապահովագրական մեկ պատուհան» համակարգ (ԱԱՄՊ համակարգ, ASWA համակարգի ներբեռնված, պատշաճ լրացված, նույնականացված բջջային հավելվածի (այսուհետ՝ բջջային հավելված) առկայությունը՝ որպես ապահովագրական պայմանագրի կնքման պայմանի սահմանում (պատասխանատու՝ Բյուրո),2. Բջջային հավելվածում անհատականացավծ QR կոդի գեներացում (պատասխանատու՝ Բյուրո),

3. Տարեց վարորդների կամ բջջային հեռախոս չունեցող անձանց համար թղթային տարբերակով ապահովագրական պայմանագիր կնքելու դեպքերում պայմանագրի թղթային տարբերակում գեներացված QR կոդի պարտադիր առկայություն,

4. Վարորդների կողմից իրենց բջջային հավելվածներում եւ թղթային պայմանագրերում առկա՝ միմյանց ակտիվացված QR կոդերը սկանավորելու հնարավորություն (պատասխանատու՝ Բյուրո),

5. Փոխհատուցման ենթակա գումարի ահմանված շեմը նաեւ գեներացված QR կոդով թղթային տարբերակով կնքված պայմանագրերի դեպքում գործող 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամից (Երեւան քաղաքում) ավելացում 400 000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամի՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ աճել են ավտոտրանսպորտային միջոցների արժեքն ու դրանց վերանորոգման գինը, ավտոապահովագրական պայմանագրերի գինը, ինպես նաեւ այն հանգամանքը, որ առավել բարձր գումարի փոխհատուցման ակնկալման դեպքում վարորդների առավել մեծ հատվածը շահագրգռված կլինեն կնքել համաձայնեցված հայտարարագիր եւ լքել վթարի վայրը: Ինչն արդեն կատարված է Բյուրոյի կողմից բջջային հավելվածով պատահարի արձանագրման դեպքում եւ գործում է:

6. Բոլոր վարորդներին պատշաճ ծանուցում հավելվածի միջոցով ապահովագրական վթարի գրանցման նոր ընթացակարգի մասին (պատասխանատու՝ Բյուրո):

7. Բջջային հավելվածի միջոցով վթարի վայրի տեսաձայնագրման եւ/կամ լուսանկարման կատարման եւ ուղարկման հնարավորության առկայություն (պատասխանատու՝ Բյուրո):

8. Լրացման ենթակա քայլերի շարքում ավտոտրանսպորտային պատահարի՝ վթարի վայրի տեսաձայնագրման եւ/կամ լուսանկարման կատարումը՝ որպես լրացման ենթակա առաջին դաշտի սահմանում, ինչը կատարելուց հետո բջջային հավելվածում կակտիվանա օգտատիրոջը ծանուցող պատուհան՝ միայն երկու ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարի պահից քսան րոպեների ընթացքում պատահարի վայրը չթողնելու եւ ավտոտրանսպորտային միջոցը օրենքով չարգելված այլ վայր չտեղափոխելու համար նախատեսված վարչական պատասխանատվության մասին (պատասխանատու՝ Բյուրո):

Հավելենք, որ սույն օրենսդրական նախաձեռնության աշխատանքային քննարկումների մասնակիցները համակարծիք են, որ ներքոշարադրյալ բարեփոխումները տեխնիկապես իրագործելի են ներկա պայմաններում եւ կարող են իրագործվել առաջիկա վեց ամիսների ընթացքում:

Արդյունքում՝ մեղավորության եւ փոխհատուցման գումարի շուրջ փոխադարձ համաձայնություն ունեցող վարորդները առավել պատասխանատու մոտեցում կցուցաբերեն այլ վարորդների ազատ տեղաշարժի անհարկի խոչընդոտման նկատմամբ, առավել կարժեւորեն իրենց եւ երթեւեկության մյուս մասնակիցների ժամանակը, առավել քիչ ժամանակ եւ ջանք կվատնեն ավտոտրանսպորտային պատահարի ինքնուրույն գրանցման համար, ինչպես նաեւ կնվազի միայն երկու ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ ավտոտրանսպորտային պատահարների հետեւանքով առաջացող արհեստական խցանումների քանակը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել