ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը Ազգային ժողովում, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ սահմանային իրավիճակը գնահատում է հարաբերական կայուն։
«Այո, կրակոցներ հնչել են, հնչում են, բայց դրանք նպատակային չեն, թիրախային չեն։ Այն կրակոցները, որոնք կոնկրետ թիրախավորում են, պաշտոնական լրահոսը տեղեկատվություն տալիս է։ Ադրբեջանական կողմը կպատճառաբանի, որ իրենք չեն, բայց իրականում իրենք են, իսկ նպատակների մասին, որ հարցնում եք, կրակողներն ավելի լավ կիմանան իրենց նպատակները։ Իսկ մեր գնահատականով՝ նպատակները մեր զինծառայողների վրա հոգեբանական ճնշում գործադրելն է, սահմանային բնակչության վրա՝ նույնպես, բայց փաստն այն է, որ մենք դրան ուշադրություն չենք դրաձնում, շարունակում ենք մեր բնականոն ծառայությունը»,-ասաց նա։
Ըստ Էդվարդ Ասրյանի՝ սահմանային խորություններում հակառակորդի կողմից ոչ մի սադրիչ քաղաքականության գործողություններ չկան։
Գլխավոր շտաբի պետը խոսեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագծերի մասին, որով հնարավորություն է տրվում գումարի դիմաց ավելի քիչ ծառայել։ Էդվարդ Ասրյանն ասաց, որ լրացուցիչ քննարկումներ են ունեցել և պաշտպանության նախարարի միջոցով կներկայացնեն պաշտպանական գերատեսչության տեսակետը։