Բոնուս-Մալուս համակարգն ապահովադիրների և (կամ) ապահովագրված անձանց վարորդական պատմության վրա հիմնված ապահովագրավճարների տարբերակման համակարգ է ըստ ԲՄ դասերի, այդ դասերին համապատասխանող ԲՄ գործակիցների և ապահովադիրների` դասից դաս անցման կանոնների:
Ըստ յուրաքանյուր դասը նկարագրող գործակցի մեծության` տարբերում են դասերի երեք խումբ.
1) բազիսային (սկզբնական) դաս. կարող է շնորհվել այն դեպքում, երբ ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է առաջին անգամ, և (կամ) դեռ գոյություն չունի այն վարորդական պատմությունը, ըստ որի պետք է սահմանվի ԲՄ դասը: Այս դասին համապատասխանում է 1 գործակիցը.
2) բոնուսային դասեր. կարող են շնորհվել «դրական» վարորդական պատմություն ունեցող ապահովադիրներին և (կամ) ապահովագրված անձանց: Այս դասերին համապատասխանող գործակիցները փոքր են 1-ից, այսինքն` նվազեցնում են ապահովագրավճարի մեծությունը.
3) մալուսային դասեր. կարող են շնորհվել առավել ռիսկային ապահովադիրներին և (կամ) ապահովագրված անձանց: Այս դասերին համապատասխանող գործակիցները մեծացնում են ապահովագրավճարը:
Ապահովադիրը ապահովագրական ընկերության հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքած անձ.
Ապահովագրված անձը ԱՊՊԱ պայմանագրի գործողության ընթացքում ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր, ինչպես նաև օրինական հիմքերով այն տիրապետող այլ անձ (ներառյալ` վարորդը):
Հետևաբար մալուսային դաս կարող է շնորհվել ոչ միայն մեքենայի սեփականատիրոջ, այլ նաև այլ օրինական հիմքերով տիրապետողի կողմից պատահարների մասնակից լինելու դեպքում:
Իսկ որ՞ գործոններն են հանդիսանում ռիսկային:
Ռիսկայնության գործոն են հանդիսանում.
1) տրանսպորտային միջոցի շահագործման տարեկան ինտենսիվությունը (կմ).
2) տրանսպորտային միջոցի տիպը /տեսակը /մակնիշը.
3) տրանսպորտային միջոցի շահագործման հիմնական վայրը / շրջանը.
4) տրանսպորտային միջոցի օգտագործման ձևը / նպատակը.
5) տրանսպորտային միջոցի հզորությունը / շարժիչի ծավալը / քաշը.
6) ապահովադրի և (կամ) ապահովագրված անձի անհատական, մասնավորապես տարիքային հատկանիշները.
7) ապահովադրի և (կամ) ապահովագրված անձի վարորդական ստաժը.
8) ապահովադրի և (կամ) ապահովագրված անձի առողջական վիճակի հետ կապված գործոններ, որոնք կարող են ազդել ապահովադրի և (կամ) ապահովագրված անձի վթարավտանգության աստիճանի վրա: