Քաղաքացիական դատավարության կողմերը հաշտության համաձայնություն կարող են կնքել ոչ միայն դատավարության ցանկացած փուլում , այլ նաև վճռի հարկադիր կատարման վարույթն սկսելուց հետո:
Կողմերի հաշտության համաձայնությունը կարող է վերաբերել նաև դատարանի վճռի հարկադիր կատարման եղանակին, ժամկետներին և կարգին:
Կողմերը հաշտության համաձայնությունը կնքում են գրավոր` իրենց կողմից ստորագրված մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով:
Կողմերն իրենց կնքած հաշտության համաձայնությունը ներկայացնում են հարկադիր կատարողին:
Հարկադիր կատարողը, ստանալով կողմերի հաշտության համաձայնությունը, պարտավոր է կասեցնել կատարողական վարույթը և անհապաղ դիմել կատարողական թերթ տված դատարան:
Դատարանը, հարկադիր կատարողի դիմումի հիման վրա, վճիռը վերանայում է արագացված դատաքննության կարգով:
Դատարանը վերանայում է միայն կայացրած վճռի այն մասը, որը վերաբերում է կողմերի հաշտության համաձայնությամբ սահմանված կատարման եղանակին, ժամկետին և կարգին:
Վճիռը վերանայելու մասին դատարանը կայացնում է վճիռ, որում շարադրվում է կողմերի հաշտության համաձայնության բառացի շարադրանքը (տեքստը):