Վարորդ Հայկ Գասպարյանը շարունակում է պայքարել գծատիրոջ դեմ` պահանջելով վճարել իր տարիների չվճարված աշխատավարձը:
Այսօր ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում հետաձգվեց «Էս-Թի տրանս մոբիլ» ՍՊԸ-ի կողմից բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Պաշտպան Արևհատ Սիմոնյանի ներկայացրած լիազորագրի ժամկետը լրացել էր, վերջինս միջնորդություն ներկայացրեց դատական նիստը հետաձգել և իրեն ժամանակ տրամդրել՝ նոր լիազորագիր ձեռք բերելու համար:
Դատավորը բավարարեց պաշտպանի միջնորդությունը: Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 26-ին:
Նշենք, որ վարորդ Հայկ Գասպարյանը դիմել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ պահանջելով վճարել իր տարիների չվճարված աշխատավարձը: Ե՛վ առաջին ատյանում,և՛ վերաքննիչում բավարարվել է Հայկ Գասպարյանի բողոքը:
Սակայն «Էս-Թի տրանս մոբիլ» ընկերությանը կայացված դատական ակտերը չեն բավարարել: Ընկերությունը դիմել է Վճռաբեկ դատարան: Նոյեմբերի 29-ին կայացած նիստում Վճռաբեկ դատարանն ամբողջությամբ բեկանել է վարորդ Հայկ Գասպարյանին որպես չվճարված աշխատավարձ 1 միլիոն 300 հազար դրամ վճարելու Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճիռը և գործն ուղարկել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան նոր քննության:
Արև Ավագյան