Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որի նպատակն է խթանել բարձրագույն ուսումնական հաստատությունը բարձր առաջադիմությամբ ավարտած և աշխատանքային ստաժ չունեցող նորավարտ մասնագետների աշխատանքի ընդունումը պետական մարմիններում՝ նրանց հնարավորություն տալով կիրառելու իրենց գիտելիքները և ձեռք բերելու աշխատանքային փորձ:
Ծրագրի շահառու են հանդիսանում ծրագրին դիմելու օրվան նախորդող երեք տարիների հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմությամբ (միջին որակական գնահատականի առավելագույն արժեքի առնվազն 80 տոկոս ապահոված) շրջանավարատները:
Ըստ պետական մարմնի կանոնադրական գործառույթներով պայմանավորված պահանջների՝ յուրաքանչյուր տարի հուլիսի 1-ից հուլիսի 15-ը պետական մարմինը իր պաշտոնական կայքէջում բարձրագույն կրթություն ունեցող, սակայն աշխատանքային ստաժ չունեցող մասնագետներին պետական մարմնում աշխատանքով ապահովելու նպատակով հայտարարում է ընդունելություն:
Յուրաքանչյուր քաղաքացի սույն ծրագրի շահառու կարող է լինել միայն մեկ անգամ։
Աշխատանքային պայմանագիր կնքած շահառուին վճարվում է ամսական աշխատավարձ 140.000 ՀՀ դրամ Կառավարության աջակցության ծրագրի բյուջեով նախատեսված միջոցներից, որը յուրաքանչյուր տարվա համար չի կարող գերազանցել 200.000 (երկու հարյուր) միլիոն ՀՀ դրամը:
Ըստ նախագծի հիմնավորման՝ «Բարձրագույն ուսումնական հաստատությունը բարձր առաջադիմությամբ ավարտած և աշխատանքային ստաժ չունեցող քաղաքացիներին պետական մարմիններում աշխատանքով ապահովելու ծրագրի» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ նաև՝ Ծրագիր) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բարձրագույն ուսումնական հաստատությունները բարձր առաջադիմությամբ ավարտած, սակայն աշխատանքային փորձ չունեցող մասնագետներին պետական համակարգում աշխատանքով ապահովելու անհրաժեշտությամբ՝ նրանց հնարավորություն տալով իրենց տեսական գիտելիքները գործնականում կիրառելու և ձեռք բերելու աշխատանքային փորձառություն: Ծրագիրը ոչ միայն ապահովելու է բարձրագույն ուսումնական հաստատությունները բարձր առաջադիմությամբ ավարտած, սակայն աշխատանքային փորձ չունեցող մասնագետների աշխատանքի ընդունումը պետական համակարգում, այլև խթանելու է բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման առաջադիմությունը:
Առավել մանրամասն՝ այստեղ։