Կառավարությունը դրական դիրքորոշում է տվել Նարեկ Ղահրամանյանի ներկայացրած նախագծին

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է խաղային գովազդների տեղակայման սահմանափակման անհրաժեշտությամբ: Առաջարկվում է արգելք սահմանել ՀՀ սահմանային մուտքի կետերում, ինչպես նաեւ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատան կամ խաղասրահի կամ վիճակախաղի գովազդի տեղադրման համար:

Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։

Պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հեղինակած ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 30-ի նիստում:

Հիմնական զեկուցողի խոսքով վերջին ժամանակներում սահմանային անցակետերում, հյուրանոցներում գովազդային վահանակների վրա տարբեր խաղային բիզնեսների, խաղատների, շահումով խաղերի հեռարձակվող գովազդի գերակշռող աճ է նկատվում: Նշվել է, որ այն բացասաբար է ազդում նաեւ Հայաստանի՝ որպես հազարամյա պատմությամբ, մշակույթով հարուստ երկրի նկարագրի վրա:

Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ մինչեւ  երկրորդ ընթերցմամբ քննարկումը խաղային ոլորտը կանոնակարգելու նպատակով կկատարվեն եւս մի շարք փոփոխություններ:

Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունիսի 1-ից:

Հարակից զեկուցող, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումը նախագծի վերաբերյալ՝ առաջարկելով առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում դիտարկել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակահարմարության հարցը՝ երկու օրենքների միջեւ առկա հակասությունները շտկելու համար:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել