Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և հիմնական լիցենզիայի ձևը սահմանելու մասին նախագիծը։
2024 թվականին ևս նման սահմանափակումներ կիրառվել են։ Նշվում է, որ իրականացված քայլերի արդյունքում որոշակի մեղմվել են տեղական շուկայում (երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի նկատմամբ) Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները։ Այնուամենայնիվ, 2024 թվականին Հայաստանում ցեմենտի արտադրության ցուցանիշը (1.05 մլն տոննա) նախորդ տարվա նկատմամբ նվազել է 7.3%-ով:
«Հայաստանի ցեմենտ արտադրող ձեռնարկությունների արտադրական հզորությունները կազմում են շուրջ 2.5 մլն տոննա և գերազանցում են ցեմենտի ներքին շուկայի պահանջարկը (1.4-1.5 մլն տ.) Ըստ Վիճակագրական ծառայության տվյալների՝ աճել են երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի ծավալները, մասնավորապես՝ 2023 թվականին երրորդ երկրներից (ԵԱՏՄ անդամ պետություն չհանդիսացող) Հայաստան է ներմուծվել 260 հազ.տ. ցեմենտ (աճը 2022թ. նկատմամբ 3.5 անգամ, իսկ 2024 թվականին՝ աճը 2023թ. նկատմամբ կազմել է 72%)»,-նշվում է հիմնավորման մեջ։
Սահմանափակումները, ընդունման դեպքում, կսկսեն գործել 2025-ի հուլիսի 21-ից մինչև 2026-ի հունվարի 21-ը։