ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել Շիրակի մարզի համայնքապետարաններից մեկում կատարված չարաշահումների վերաբերյալ։
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Մասնավորապես՝ համայնքապետարանի առաջատար մասնագետ Ս․Հ․-ն օգտագործելով համայնքի նախկին ղեկավարի կողմից իրեն փոխանցված նույնականացման քարտը և հաշվապահական ծրագիր մուտք գործելու գաղտնաբառը, ինչպես նաև բյուջեի ֆոնդային մասում ֆինանսական միջոցների առկայության մասին համայնքի ավագանուն և Շիրակի մարզպետարանին նույն տարիների համար կեղծ հաշվետվություններ ներկայացնելով, իր և համայնքի նախկին ղեկավարի համապատասխան էջերով մուտք է գործել հաշվապահական ծրագիր, կազմել և հաստատել է բյուջեի պլանային փոփոխությունների և վճարման հանձարարագրերի վերաբերյալ էլեկտրոնային փաստաթղթեր։
Այնուհետև, Ս․Հ․-ն համայնքային բյուջեի՝ տարբեր ծախսային ծրագրերի ֆոնդերի գումարներից աշխատավարձի վճարման համար նախատեսված տարանցիկ հաշվին է փոխանցել տարբեր ծախսային ծրագրերի ֆոնդերի գումարները, ապա համայնքի նախկին ղեկավարի փոխարեն նրա էլեկտրոնային ստորագրությամբ կազմել է վճարման հանձնարարականներ, որոնց օգտագործմամբ տարիների ընթացքում իր բանկային հաշիվներին համայնքի գանձապետական հաշվից փոխանցել է ընդհանուր՝ 50 մլն 464 հզր 100 ՀՀ դրամ գումար, որից 1 մլն 323 հզր 759 ՀՀ դրամի չափով վճարել է համայնքապետարանի աշխատակիցների պակաս վճարված աշխատավարձերը, իսկ առանձնապես խոշոր չափերով՝ 49 մլն 140 հզր 341 ՀՀ դրամը խարդախությամբ հափշտակել է։
Նախաքննության ընթացքում համայնքային բյուջե է վերականգնվել 4 մլն 500 հզր ՀՀ դրամ, իսկ պատճառված վնասի չվերականգնված գումարի չափով արգելանք է դրվել գույքի վրա:
Ս․Հ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախությունը)։
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: