Զինված ուժերում արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության ամբողջական կայացման նպատակով սահմանվում են բանակի՝ գլխավոր շտաբի սերժանտի, կորպուսի եւ շտաբի սերժանտների պաշտոններն ու դրանց վարձատրության գործակիցները. այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: Նա ապրիլի 18-ի ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը:
Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։
Ըստ զեկուցողի՝ արեւմտյան պետությունների, ինչպես նաեւ Արեւելյան Եվրոպայի բանակների սերժանտական համակարգի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գնդային մակարդակից բարձր սերժանտական համակարգը ներառում է գլխավոր շտաբի, բանակային ուղղությունների եւ շտաբային սերժանտների առկայություն, որով ապահովվում է սերժանտական համակարգի հրամանատարական ուղղահայացը:
Գլխադասային՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը: Նա հորդորել է կողմ քվեարկել նախաձեռնությանը: