Վարդան Ղուկասյանը 18 կողմ ձայնով ընտրվեց Գյումրու համայնքապետ: Քվեարկությանը մասնակցեց ավագանու 18 անդամ:
Նշենք, որ Վարդան Ղուկասյանը Գյումրու քաղաքապետն է եղել 2000-2012թթ., եղել է ՀՀ 6-րդ և 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:
Հիշեցնենք, որ մարտի 30-ին Գյումրիում տեղի էին ունեցել ընտրություններ, ինչի արդյունքում որևէ քաղաքական ուժ չէր ստացել ավագանու անդամների մանդատների 50 տոկոսից ավելին: Ընդդիմադիր ուժերը հայտարարել էին, որ քվեարկելու են առավելագույն քվե ստացած ընդդիմադիր թեկնածուի՝ Վարդան Ղուկասյանի օգտին:
Ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 14 մանդատ, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 8 մանդատ, «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը՝ 6 մանդատ, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 3 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինքը՝ 2 մանդատ:
Գյումրի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չէր մասնակցում նիստին: