ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել նաև ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության («ԹՊԻՀ») գրասենյակի տնօրեն Զաքարի Բարթերը և ԹՊԻՀ «Քրեական արդարադատության բարեփոխումների» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանը:
Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Ողջունելով դեսպանին՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը բարձր է գնահատել ամերիկացի գործընկերների աջակցությունը Կոմիտեի ստեղծման ու կայացման գործում և շնորհակալություն հայտնել նրանց՝ կոռուպցիայի դեմ պայքարում սերտ համագործակցության, այդ թվում՝ կառույցը պատրաստված կադրերով ու ժամանակակից տեխնիկայով համալրելու գործընթացում ակտիվ ներգրավվածության համար: Կոմիտեի նախագահը հատկապես կարևորել է ԹՊԻՀ գրասենյակի շարունակական աջակցությունը՝ միտված Հակակոռուպցիոն կոմիտեի կարողությունների զարգացմանն ու ծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը: Նշելով, որ կոռուպցիոն հանցագործություններն անդրազգային բնույթ են կրում, Արթուր Նահապետյանն այս տեսանկյունից ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային համագործակցության կարևորությունը, այդ թվում՝ իրավական փոխօգնության ոլորտում:
ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, շնորհակալություն հայտնելով Կոմիտեի նորանշանակ նախագահին ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ ամերիկյան կողմն իրապես արժևորում է արդեն իսկ ձևավորված արդյունավետ գործընկերային կապերը Հակակոռուպցիոն կոմիտեի հետ:
Հանդիպման ավարտին Կոմիտեի նախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցության ուղղություններն ու ոլորտները կընդլայնվեն՝ ապահովելով երկկողմ համագործակցության նոր մակարդակ: