Վերադարձի իրավունքն ինչ-որ անկատար երազանք չէ, հեքիաթային մի պատում չէ, այն իրավունք է. Գեղամ Ստեփանյան

«Ծափահարենք և պարզ, մարդկային շնորհակալություն հայտնենք մեր հայրենակիցներին, բոլորն նրանց, որոնք վեր են կանգնած «Մնայիք, կռվեիք», «ղարաբաղցի ես, թե հայ», «ձեզ հյուրի պես պահեք» և նմանատիպ պառակտիչ ու  դատապարտելի խոսույթից»,-այս մասին Ազատության հրապարակում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Նա ընդգծեց, որ տարանջատումներ չպետք է լինեն և այն տարանջատումները, որոնք ժամանակ առ ժամանակ հրապարակ են նետվում նաև իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից, պետք է փշրվեն՝ հանդիպելով միասնականությանը համերաշխությանը։

«Սիրելի հայրենակիցներ, մեզ բոլորիս այս հրապարակում հավաքել է մի պարզագույն մղում՝ տեր կանգնել սեփական իրավունքներին։ Եթե կլինեն մարդիկ, որոնք կփորձեն ինչ-ինչ պիտակավորումներ տալ, թե իբր սա սոսկ սոցիալական աջակցության պահպանման համար պայքար է, ապա նրանք պարզապես զուրկ են տարրական բարոյականությունից։ Զուրկ են մարդկային ապրումակցումից։ Զուրկ են դիմացինի իրավիճակը հասկանալու բանականությունից։ Այո, բռնի տեղահանվածներին տրվող կեսության համար աջակցությունը այն պարզ նվազագույնն է, որ անհրաժեշտ է արցախցիներին ՀՀ-ում պահելու, նրանց նվազագույն կարիքները հոգալու համար։ Սոցիալական աջակցությունը տեղահանվածների համար կենսական կարևորություն ունի և դա այդպես է ոչ միայն Հայաստանում, դա այդպես է ամբողջ աշխարհում։ Հետևաբար խիստ կարևոր է այն, այնքան ժամանակ, քանի դեռ յուրաքանչյուր տեղահանված ընտանիքի հարցը արժանապատիվ և մեկընդմիշտ լուծված չէ։ Սոցիալական այս խնդիրը բարձրացները բնավ ինքնանպատակ չէ։ Պարզապես մենք շատ լավ հասկանում ենք, որ այդ աջակցության դադարեցումը աղետալի հետևանքներ է ունենալու՝ հազարավոր ընտանիքների մատնելով անօթևանության և չքավորության և դրդելով արտագաղթի։ Մենք ուզում ենք ապրել մեր մայր հայրենիքում, մենք ուզում ենք ապրել արժանապատիվ՝ մեր հոգում ու սրտում պահելով մեր փոքր հայրենիք վերադառնալու ցանկությունը և նպատակը»,-նշեց Ստեփանյանը։

Արցախի ՄԻՊ-ը խոսեց անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքից։ Նա ասաց, որ որևէ այլ տեղում ու պայմաններում Արցախի ժողովրդի իրավունքները չեն կարող պաշտպանված լինել այնպես, ինչպես սեփական հայրենիքում, սեփական հողում, սեփական տանը և սեփական օջախում։

«Այստեղ հավաքված մարդիկ քնում և արթնանում են սեփական տուն վերադառնալու հույսով և հավատում։ Սիրելի հայրենակիցներ, սոցիալական հոգսի տակ կքած՝ մի թողեք՝ ձեր մեջ մարի Արցախ վերադառնալու մղումն ու հույսը։ Անիրատեսության դասեր տվողներին հստակ պատասխանեք, որ թույլ չենք տա՝ ստիպել մեզ հրաժարվել ինքներս մեզանից, մեր գոյության իմաստից։ Թույլ չենք տա մեզ և մեր սերունդներին զրկել հայրենիք վերադառնալու իրավունքից։ Թույլ չենք տա ուրանալ հազարավոր սուրբ նահատակների արյունը։ Եթե ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի ներքո մենք լքել ենք մեր հայրենիքը, ապա դա չի նշանակում, որ մենք հրաժարվել ենք այնտեղ վերադառնալու մեր իրավունքից։ Վերադարձի իրավունքն ինչ-որ անկատար երազանք չէ, հեքիաթային մի պատում չէ, այն իրավունք է, իրավունք, որ ամրագրված է և որը պետք է  պաշտպանել և առաջ մղել»,-ասաց Գեղամ Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ արցախահայերի միասնական պահանջն ուղղված ՀՀ իշխանություններին, նաև միջազգային դերակատարներին այն է, որ Արցախի ժողովրդի անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքի հարցը պետք է դառնա բանակցային օրակարգի մաս։

«Մեր ուղերձն այն է, որ հակամարտության արդարացի կարգավորում չի կարող լինել 100 հազարավոր մարդկանց խախտված իրավունքների և խեղված ճակատագրերի վրա։

Սիրելի հայրենակիցներ, այս հրապարակում մեր կողքին կանգնած են 44-օրյա պատերազմի, 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի և վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով անհետ կորած անձանց հարազատները։ Մարդիկ, որոնք ամեն օր մղկտում են իրենց հարազատների անորոշ ճակատագրերի ցավից և ապրում՝ նրանց նորից տեսնելու հույսով։ Մենք, որպես հասարակություն պարտավոր ենք պարզապես ամեն օր կարեկից լինել նրանց»,-նշեց Գեղամ Ստեփանյանը։

Նա կարևորեց, միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված  միջպետական գանգատների գանգատների քննարկումը։

«Ոչ ոք իրավունք չունի Արցախի ժողովրդի ճակատագրի վերաբերյալ որոշումներ կայացնել, առանց մեր կարծիքը հաշվի առնելու։ Մենք պետք է լինենք մեր ճակատագրի տերն ու տիրականը և մեր ձայնը պետք է լսված լինի և կարևորագույնը լինի այդ որոշումների կայացման հարցում»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել