Ի պատասխան ACBA բանկի հայտարարության. փաստաբանը` պարտադիր կուտակայինի մասին

Լրագրողները փորձել են ACBA-CREDIT AGRICOLE բանկից ճշտել, թե իրենց քանի աշխատող է արդեն ընտրել կուտակային ֆոնդը և արդյոք հունվար ամսվա աշխատավարձից գումար փոխանցվելու է այդ ֆոնդին: «Մենք սկզբունքորեն իրավունքն էլ չունենք ստիպելու նրանց ընտրել կամ ոչ: Դա իրենց ընտրելու իրավունքն է: Մենք չենք կարող բոլորին ստիպել, որ մեզ տեղեկացնեն` արդյոք ֆոնդ ընտրել են, թե ոչ: Կար…ծում եմ, որ բոլորն էլ ընտրել են ֆոնդեր, քանի որ, ինչպես գիտենք, չընտրելու դեպքում այն ընտրվում է հատուկ մարմինների կողմից»,- ասաց բանկի աշխատակիցը:

Նախ, Բանկը, ինչպես և ցանկացած գործատու, կարող է և ի վիճակի է հստակորեն իմանալ, թե քանի հոգի է կատարել ընտրություն, կամ առնվազն որոշել է կատարել վճարում, քանի որ գործատուն է համարվում հարկային գործակալ և օրենքը գործատուի վրա է դրել կենսաթոշակային պարտադիր վճարի գանձման և փոխանցման պարտականությունը:

Երկրորդ, Բանկի հիմնավորումը պարզապես անտրամաբանական է և կտրված է իրականությունից այն առւմով, որ դժվար թե որևէ մեկը իրոք անկեղծորեն հավատա, որ որևէ աշխատող իր ազատ կամքով կընտրի պարտադիր վճար վճարելու տարբերակը, եթե նրան հավասարապես հասանելի է որևէ վճար չվճարելու այլընտրանք:

Այս վիճահարույց ու հակասահմանադրական օրենքը, ինչպես հայտնի է, գործում է առնվազն 3 տարի, որի ընթացքում բնակչության նույնիսկ 0.001 տոկոսը չի կատարել որևէ կամավոր վճար, այդ թվում՝ նույն ԱԿԲԱ բանկի աշխատակիցները: Ինչպես է ստացվում, որ այս պահին աշխատողները սկսեցին կամավոր հիմունքներով և երջանիկ ժպիտով կատարել պարտադիր վճարումներ: Հարցի պատասխանը բոլորին է ակնհայտ, քանի որ բոլորը գիտեն, թե բանկային համակարգը ինչպիսի քաղաքական ճնշման տակ է գործում՝ կառավարություն-վարչապետ- կենտորնական բանկ: Հարց է ծագում, թե ինչու հենց այս պահին բանկերը որոշեցին բարձրացնել աշխատավարձերը, և բանական պատասխանն այն է, որ դա արվել է հակասահմանադրական օրենքի սահուն ներդրումն իրականացնելու համար՝ քաղաքական պատվերով՝ հուսալով բանկային համակարգի աշխատողներին հեռու պահել այս պայքարից:

Եվ վերջապես, այս փուլում, երբ օրենքի մի քանի հոդված կասեցված է և ոչ աշխատողներին և ոչ էլ գործատուներին չի սպառնում որևէ տույժ կամ տուգանք, այսինքն՝ առկա է երկու հավասար հնարավորություն՝ վճարել պարտադիր վճարը կամ չվճարել այն, այն կորցնում է իր պարտադիր բնույթը և վերածվում կամավորի:
Այս փուլում բանկերի վարքագիծը, ներառյալ՝ աշխատավարձերը բարձրացնելու միջոցով պարտադիր վճարները կատարելու փաստը, վկայում է այն մասին, որ աշխատողները չեն կատարել որևէ գիտակցված ընտրություն: Բանկը որպես գործատու կատարել է այդ ընտրությունը աշխատակիցների փոխարեն՝ վճարելով այդ գումարները, դրանով իսկ մի կողմից լավամարդ լինելով իր աշխակիցների աչքում, որպես աշխատավարձ բարձրացնող գործատու, մյուս կողմից լոյալ «օճառային» կարգավիճակում մնալով կառավարությանը աչքում:

Իսկ թե այս բոլոր քայլերը որքանով են նախապես համաձայնեցված եղել ՍԴ որոշման հետ, թողնում եմ յուրաքանչյուր ՔԱՂԱՔԱՑՈՒ որոշելուն:

ԱԿԲԱ Բանկը նաև հայտարարել է. «Աշխատողներն այդ ֆինանսական մասով, կարելի է ասել, ազատված են լրացուցիչ բեռից»: Պետք է հիշեցնել բանկերի և այն բոլոր մյուս գործատուների աշխատակիցներին, ում աշխատավարձը բարձրացվեց այս տարի, սիրելի ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ այս տարի բարձրացրեցին, բայց չունեք որևէ երաշխիք, որ մյուս հաջորդ տարիներին ևս կբարձրանա: Այս հակասահմանադրական օրենքը դնում է մեծ ֆինանսական բեռ, որը մեկ երկու տարում հաղթահարելի չէ: Սա երկարաժամկետ դրամային պարտավորություն է, իսկ աշխատատեղը ու գործատուն հարատև չեն, այսօր ԱԿԲԱ բանկում եք, աշխատավարձը բարձրացրել են, հաջորդ տարի կարող է մեկ այլ գործատուի մոտ աշխատեք, իսկ պարտադիր վճարը մշտապես գործող վճար է դառնալու:

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ կոչ եմ անում բոյկոտել բոլոր այն գործատուներին, ովքեր նման քայլերով փորձում են թուլացնել շարժումը, քանի որ այս փուլում նման քայլերը ու կամավոր կարգով պարտադիր վճար վճարելը, երբ չկա որևէ պարտավորություն վճարելու այդ գումարները, հավասար է ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՈԳԻՆ ՋԱՐԴԵԼՈՒՆ ու հարյուր հազարավոր մարդկանց ֆինանսական ապահովությունը վտանգելուն:

Հ.Գ. Հաշվի առեք նաև, որ ԱԿԲԱ բանկի փայատերերից մեկը նաև կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ է:

 

Հայկ Գրիգորյան, փաստաբան
Հարկային և սահմանադրական իրավունքի մագիստրոս, «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների շարժման» նախաձեռնող անդամ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել