«Իրանը ոչ միայն առաջին պետություններից էր, որը ողջունեց մեր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, այլև գործնականում ներգրավված է նախագծի կյանքի կոչմանը». Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը և պատասխանը լրատվամիջոցների հարցերին ԻԻՀ ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Հարգելի՛ պարոն նախարար,

Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ուրախ եմ այսօր Երևանում հյուրընկալել ԻԻՀ ԱԳ նախարար, իմ շատ լավ բարեկամ և գործընկեր Սեյեդ Աբբաս Արաղչիին: Օգտվելով առիթից՝ թույլ տվեք շնորհավորել գործընկերոջս և Իրանի բարեկամ ժողովրդին Նովրուզի՝ Նոր կյանք և զարթոնք խորհրդանշող տոնի կապակցությամբ։ Պետք է նշեմ, որ սա, իհարկե, իմ և պարոն նախարարի առաջին հանդիպումը չէ: Մենք հանդիպել, համագործակցել ենք միջազգային հարթակներում, և սա ԱԳ նախարարի պաշտոնում պարոն Արաղչիի առաջին այցն է Հայաստան, ուստի, պարո՛ն նախարար, շնորհակալ եմ հրավերն ընդունելու և այսօրվա համապարփակ քննարկումների համար:

Հարգելի՛ գործընկերներ,

Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ բարեկամ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները շարունակում են զարգանալ կայուն կերպով, ինչը մեր կառավարության տարածաշրջանային քաղաքականության առաջնահերթություններից մեկն է: Պարբերական արդյունավետ շփումներ ու փոխայցեր կան ոչ միայն մեր երկու նախարարությունների, այլ նաև բոլոր ճյուղային գերատեսչությունների միջև: Իրանի հետ հարաբերությունների հարուստ օրակարգը ներառում է կյանքի գրեթե բոլոր բնագավառները՝ քաղաքական, տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ, կրթական, գիտական, մշակութային: Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այս բոլոր ոլորտներում առաջընթաց ենք գրանցել, և վստահ եմ, որ երկկողմ գործակցության խորացումը կկրի շարունակական բնույթ:

Նախարար Արաղչիի հետ քննարկումներում ընդգծել ենք երկու երկրների միջև առկա տնտեսական փոխգործակցության կարևորությունը, որը շոշափելի հաջողություններ է գրանցել հատկապես վերջին տարիներին. կարող ենք արձանագրել, որ 2024 թվականին մեր երկկողմ առևտրաշրջանառության ծավալը գերազանցել է նախորդ առնվազն հինգ տարիների ցուցանիշը, և սա կարևոր արդյունք է: Այսօր մենք շարունակել ենք քննարկումը երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 3 մլդ ԱՄՆ դոլարի հասցնելու հնարավորությունների շուրջ։ Այդ համատեսքտում պետք է նշել, որ երկկողմ առևտրաշրջանառության առկա հնարավորություները լրացվել են նաև ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքմամբ։

Նշեմ, որ Իրանն իր մասնակցությունն ունի Հայաստանի տնտեսական ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման գործում, որոնք ոչ միայն տնտեսական, այլև իրականում ռազմավարական նշանակություն ունեն: Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհային հատվածը, որի շինարարությունը հայկական կողմը վստահել է իրանական ընկերությանը, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևոր բաղադրիչներից է։ Այսպիսով, կարող ենք փաստել, որ Իրանը ոչ միայն առաջին պետություններից էր, որը ողջունեց մեր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, այլև գործնականում ներգրավված է նախագծի կյանքի կոչմանը։

Հարգելի՛ ներկաներ,

Գործընկերոջս հետ երկկողմ օրակարգային հարցեր քննարկելուն զուգահեռ, բնականաբար, անդրադարձել ենք նաև տարածաշրջանային իրողություններին և զարգացումներին: Այսօրվա քննարկումների ընթացքում ներկայացրել եմ Ադրբեջանի հետ միջպետական սահմանի սահմանազատման, և, իհարկե,  Խաղաղության համաձայնագրի կնքման գործընթացների վերաբերյալ վերջին զարգացումները: Վերստին ընդգծել եմ Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման գործում, ինչի կարևոր հանգրվաններից կարող է դառնալ խաղաղության համաձայնագրի՝ արդեն իսկ ամբողջությամբ համաձայնեցված տեքստի ստորագրումը։ Օգտվելով առիթից՝ երախտագիտությունս եմ հայտնում բարեկամ Իրանին՝ Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը ողջունելու և ստորագրումը կարևորելու համար: Բազմիցս ընդգծել ենք, որ մենք բարձր ենք գնահատում Իրանի հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անձեռնմխելիության վերաբերյալ: Ինչպես և Իրանի, այնպես էլ Հայաստանի համար մեր պետությունների միջև սահմանի անքակտելիությունն ունի կենսական նշանակություն։

Այսօր հնարավորություն ունեցանք հանգամանալից քննարկել նաև միջազգային օրակարգի մի շարք այլ խնդիրներ։ Ես ընդգծել եմ Երևանի պատրաստակամությունը մեր ավանդը բերելու մեր այլ բարեկամ պետությունների և Իրանի միջև երկխոսությանը։

Հարգելի՛ ներկաներ,

Իհարկե, այսօր առանձնահատուկ ուրախ էի ԱԳՆ հարկի տակ հյուրընկալել նախարար Արաղչիի «Բանակցության ուժը» գրքի շնորհանդեսը:

Հարգելի՛ պարոն նախարար,

Պետք է վերահաստատեմ, որ Հայաստանը կարևորում է Իրանի հետ  բարեկամությունը, այդ թվում նաև՝ որպես երկու քաղաքակրթությունների միջև ամուր կապի լավագույն դրսևորում, և բարձր է գնահատում երկու երկրների միջև սերտ փոխգործակցությունը: Լիահույս եմ, որ կշարունակենք քայլեր ձեռնարկել մեր երկրների միջև առկա ներուժի իրացմանն ուղղված նախագծերը կյանքի կոչելու ուղղությամբ՝ ի բարօրություն երկու երկրների և ժողովուրդների:

Շնորհակալություն եմ հայտնում կրկին և խոսքը սիրով փոխանցում եմ Ձեզ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել