Վարդան Ղուկասյանի գրասենյակի հայտարարությունը

Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

««Ես էլ աքացի տվի նրան՝ առյուծին։ Թող ավանակի սմբակի ուժն էլ զգա…»։ Այս է քպ-ական մունետիկների խոսքի իմաստն ու շեշտը Վարդան Ղուկասյանի հասցեին։

Հարգելի համաքաղաքացիներ,
Նախընտրական բոլոր սոց-հարցումները ավետում են «Քաղաքացիական խզված պայմանագիր» տխրահռչակ խմբակի ապագա պարտության մասին։ Ըստ այդմ՝ պարտության դառնահամ կանխազգացումը՝ գարնանային սրացումների ֆոնին, տվյալ խմբակին դրդում է ամենաստոր և անբարոյավետ քայլերի։ Չունենալով որևէ արժանիք գյումրեցուն նախընտրելի թվալու համար՝ վերջիններս, ինչպես և սովոր են, որոշել են զրպարտելով ու անվանարկելով Վարդան Ղուկասյանին՝ ի թիվս մնացյալ ընդդիմադիրների, փորձել ներկայանալ իբրև «միակ և եզակի փրկիչ գազանների ձեռքից»։

Մասնավորապես, մեր գրասենյակը հոգնել է պատասխանել իմքայլական պոռոտ, տգետ ու չար ճառասողների՝ հանձինս պատգամավորներ Կարեն Սարուխանյանի, Էմմա Պալյանի, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի և այլ անդեմ «խոսնակների» իրենք իրենց տված հարցազրույցների հիմարություններին։ Վերոհիշյալ քաղաքական գործիքները՝ հպարտ կանգնած Վարդան Ղուկասյանի բացառիկ ջանքերով կառուցված քարե գորգի վրա և քաղաքապետարանի շենքի համայնապատկերին, բութ տապար հիշեցնող դեմքերով, փորձում են Վարդան Ղուկասյանին կապել մե՜րթ Ռոբերտ Քոչարյանի, մե՜րթ հանցավոր կյանքի, մե՜րթ էլ թալանի հետ։ Սա էլ դեռ քիչ է, տարագիր բլոգեր Դոգի բացը իրենց գռեհկությամբ լրացնելու շտապող այս մարդիկ, տեսախցիկների առջև նստում-ելնում «Վարդանիկ» դիմելաձևն են օգտագործում, այն պարագայում, երբ եթե Վարդան Ղուկասյանին պատահաբար հանդիպեն փողոցում, Ղուկասյանի պատկառազդու կեցվածքից, սեփական անուններն իսկ կմոռանան։
Այս բանակռվողներին ցավագինորեն պակասում է տարրական բարեկրթություն, պարկեշտություն և արդարախոհություն, ինչպես մեծն Նժդեհն է նկատել դեռ ժամանակի հայ խոսքում։ Վարդան Ղուկասյանին վատաբանելու մեջ այս իշխանական ճառասողները անխնա են, որպիսին չէին և վաղը չեն լինելու թուրքի հանդեպ։

Քանզի Գյումրու ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ողջ քպ-ական ռեսուրսը՝ այդ թվում և պետական մի քանի ինստիտուտներ, լծվել են պայքարելու ընդդեմ մեկ մարդու, դաշտում կան բազմապիսի դեմքեր և բազմապիսի կեղծ թեզեր՝ գործի դրված ինչպես սոցիալական մեդիայում, այնպես էլ քաղաքում։ Այդ պատճատով մեր գրասենյակը չի կարող ամենօրյա ռեժիմով հերքել կամ բացահայտել այդ կեղծիքները։ Մեր ապահով հենարանն այն է, որ գյումրեցին ճանաչում է Վարդան Ղուկասյանին, և հաղորդակցվում է նրա հետ ամեն օր՝ քաղաքում թողած նրա անջնջելի գործերի և բարեգործությունների միջոցով։ Իսկ ազատորեն սրբություն, հայրենիք և սկզբունք ժխտող տարրերի տարհամոզումներին գյումրեցին կվերաբերվի այնպես, ինչպես «խաբեբայի խոստումին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել