Քննչական կոմիտեն պարզաբանել է Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանին հարցաքննության հրավիրելու հանգամանքները։ Iravaban.net-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը հայտնեց, որ Ռուբեն Մխիթարյանը հրավիրվել է հարցաքննության Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
«Ոստիկանության պարեկային ծառայությունից 2024 թվականի մայիսի 31-ին հաղորդում է ստացվել, որ Ռուբեն Մխիթարյանը 6 ամիս ժամկետով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված վիճակում՝ 2024 թվականի մայիսի 3-ին վարել է ավտոմեքենան: Հաղորդման հիման վրա 2024 թվականի մայիսի 31-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Տեսանյութից պարզ երևում է, որ քննիչը չգիտի, թե ում հետ է խոսում: Քննիչն իրացնելով իր լիազորությունները՝ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Ռուբեն Մխիթարյանին հրավիրել է հարցաքննության: Պետք չէ քաղաքականացնել գործընթացը»,- ընդգծեց Ավդալյանը։
Ավելի վաղ Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը հրապարակել էր տեսանյութ, որտեղ քննչական մարմնից իրեն զանգահարում են և տեղեկացնում, որ 2024 թվականի մայիսին պարեկային ծառայության կողմից իր նկատմամբ ակտ է կազմվել՝ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար։ Զանգահարող քննիչը Մխիթարյանին հրավիրում է հարցաքննության նույն օրը՝ ժամը 18:00-ին։
Ի պատասխան՝ Մխիթարյանն ասել էր, որ չգիտի, թե ինչ ակտի մասին է խոսքը, և իր փաստաբանը կկապվի քննչական մարմնի հետ։ Քննչական կոմիտեի աշխատակիցը նրան տեղեկացրել էր, որ հարցաքննության օրն ու ժամը որոշում է քննիչը։