Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից։
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ դրանով կարևոր երաշխիքներ են նախատեսվում տնային կալանքի տակ գտնվող անձանց աշխատանքային իրավունքների ապահովման առումով: Բանն այն է, որ երբ Քրեական դատավարության նոր օրենսգրքով որպես նոր այլընտրանքային խափանման միջոց նախատեսվեց տնային կալանքը, դրա կիրառման դեպքում աշխատանքային հարաբերությունների ընթացքին առնչվող հարցերը չեն կարգավորվել: Աշխատանքային օրենսգրքում կարգավորվել է միայն աշխատողի նկատմամբ կալանքի կիրառման դեպքում աշխատանքային հարաբերությունների հարցը: Նման պայմաններում, երբ աշխատողի նկատմամբ կիրառվում է տնային կալանքը, պարզ չէ, թե աշխատողը ինչ կարգավիճակ է ունենալու, արդյոք այդ դեպքում կարող է շարունակել իր աշխատանքային պարտականությունների կատարումը, թե՝ ոչ:
Նախագծով սահմանվում է, որ երբ դատարանի որոշմամբ աշխատողի, այդ թվում՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձի նկատմամբ դատարանը կիրառում է տնային կալանք և տնային կալանքի մասին որոշմամբ չեն նախատեսվում աշխատանքի կատարման հետ անհամատեղելի սահմանափակումներ, ապա աշխատողը կարող է գործատուի համաձայնությամբ իր բնակության տարածքից կատարել աշխատանքային պարտականությունները, եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս այն կատարել նաև հեռավար եղանակով:
Որպես կարևոր երաշխիք սահմանվել է, որ տնային կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) պահպանվում է, իսկ եթե աշխատողի լիազորությունները չեն կասեցվում, պահպանվում է նաև վարձատրությունը: Եթե աշխատողի լիազորությունները կասեցվում են, ապա աշխատողի վարձատրության հարցը որոշվում է կողմերի համաձայնությամբ, իսկ հանրային ծառայության մեջ գտնվող անձի պարագայում վարձատրությունը չի պահպանվում։
Ընդ որում, աշխատողի լիազորությունները կասեցվում են այն դեպքերում, երբ կիրառված սահմանափակումները անհամատեղելի են աշխատանքի կատարման հետ:
Բոլոր այն դեպքերում, երբ դատարանը աշխատողի նկատմամբ կիրառի օրինակ տնային կալանքը և միաժամանակ պաշտոնավարման կասեցում խափանման միջոցը, ապա այս դեպքում աշխատողի վարձատրության հարցը կորոշվի կողմերի համաձայնությամբ, իսկ հանրային ծառայության մեջ գտնվող անձի դեպքում աշխատողին կվճարվի միայն Աշխատանքային օրենսգրքի 108.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձին տրամադրվող ամսական հատուցումը, այն է՝ հիմնական աշխատավարձի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը՝ մնացած վճարումը կատարելով քրեական վարույթի` ռեաբիլիտացնող հիմքով ավարտի դեպքում: